Հանրագիտարան

Սեզ

Սեզը (անվանում են նաև չայիր) պատկանում է դաշտավլուկազգիների ընտանիքին: Բազմամյա խոտաբույս է, հայտնի է մոտ 150 տեսակ՝ միավորված 2 ենթացեղում՝ իսկական սեզ և ժիտնյակ:

Աճում է տափաստաններում, չոր մարգագետիններում, ավազուտներում, քարքարոտ լանջերին: Տարածված է Եվրասիայում և Աֆրիկայում: 

ՀՀ-ում հանդիպում է իսկական սեզերի 5 (այլ տվյալներով՝ 10) տեսակ՝ սողացող, սանրանման, միջին, մազակիր, երկարավուն և այլն՝ տարածված բոլոր մարզերում: Աճում են ամենուրեք. ցանքերի մոլախոտեր են: 
 
Սողացող և սանրանման սեզերն արժեքավոր կերաբույս են: Մշակության մեջ հայտնի է տափաստանային կամ անապատային սեզը (խոտի բերքը՝ 50–60 ց/հա):
 
Արմատային համակարգը հզոր է, ցողունը՝ կանգուն, մերկ, բարձրությունը՝ 30–130 սմ: Տերևները գծաձև են: Ծաղկաբույլը հասկ է՝ 4–7 ծաղկային հասկիկներով: Ծաղկում է հունիսին: Պտուղը երկարավուն, թաղանթապատ հատիկ է: Սեզի արմատները պարունակում են ածխաջրեր, սպիտակուցներ, օրգանական թթուներ, եթերայուղեր, C վիտամին, կարոտին (A – նախավիտամին), ամինաթթուներ, միկրոտարրեր, պտղաշաքար, սապոնին և այլն: Չորացրած արմատների ալյուրից թխում են հացաբուլկեղեն, պատրաստում շիլաներ, գարեջուր և այլն, թարմ արմատներից՝ աղցաններ, խավարտ, բոված արմատները փոխարինում են սուրճին:
 
Չորացրած արմատների պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, տոնուսը բարձրացնող, հակաբորբոքային, նաև լիպիդային, հանքային, ածխաջրային փոխանակությունը կարգավորող միջոց:
 
Սեզը ձմեռնադիմացկուն է, երաշտակայուն, հողի նկատմամբ պահանջկոտ չէ:  

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: