Հանրագիտարան

Սաքսաուլ

Սաքսաուլը պատկանում է թելուկազգիների ընտանիքին, ոչ խոշոր ծառ կամ թուփ է: Հայտնի է 10 տեսակ, որոնք տարածված են Ասիայի անապատներում և կիսաանապատներում:

Միջին Ասիայում հանդիպում է 3 տեսակ՝ սպիտակ, սև և զայսանյան:

Ճյուղավորումը եղանաձև է, ընձյուղները հատվածավոր են, դյուրաբեկ: Սաղարթը խիտ է կամ նոսր, ամռանը՝ կանաչ, ձմռանը՝ մոխրագույն կամ գորշավուն: Տերևները հակադիր են, փոքրիկ`   ցողունին սեղմված անգույն թեփուկների ու թմբիկների տեսքով: Ծաղիկները երկսեռ են`   մեկական նստած թեփուկանման ծաղկակիրների ծոցերում: Սաքսաուլը բազմանում է սերմերով և արմատային մացառներով, երբեմն առաջացնում է անտառներ: Կարևոր տնտեսական նշանակություն ունի. բնափայտն ամուր է, դյուրաբեկ, ծանր (ընկղմվում է ջրում), օգտագործվում է որպես բարձրորակ վառելափայտ (ջերմատվությամբ քիչ է զիջում գորշ ածխին): Մոխրից ստանում են պոտաշ: Ձմռանը կանաչ ընձյուղները կեր են ուղտերի և ոչխարների համար:

Ավազուտների անտառապատման անփոխարինելի միջոց է միջինասիական հանրապետություններում: Ապրում է 30–60 տարի: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: