Հանրագիտարան

Պետական խորհրդանիշների օր

Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Պետական խորհրդանիշների և Սահմանադրության օրը:

Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներն են՝
ՀՀ դրոշը, ՀՀ զինանշանը և ՀՀ պետական օրհներգը։

«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունել է Գերագույն Խորհուրդը 1990թ.-ի օգոստոսի 24-ին, իսկ 2006թ.-ի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։

 

Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։

 

Կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1։2-ի։

 

ՀՀ դրոշի սկզբնական տարբերակում նարնջագույնի փոխարեն դեղին գույնն է եղել, սակայն դրոշը ներկայացնելուց հետո դեղին գույնը փոխվել է նարնջագույնի, քանի որ կարմիր, կապույտ և նարնջագույն գույների համադրությունը համարվել է առավել հաջող:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: