Հանրագիտարան

Սամիթ

Սամիթը, որին անվանում են նաև բաղբակ, տերաղոթի, նեխուրազգիների ընտանիքի միամյա, հազվադեպ՝ երկամյա խոտաբույս է:

Հայտնի է 3 տեսակ՝ տարածված Եգիպտոսում, Եվրոպայի հարավում, Եթովպիայում: Առավել տարածված է բուրավետ սամիթը. մշակվում է Եվրոպայում, Ամերիկայում, Ասիայում, ՀՀ բոլոր մարզերում: Արմատն իլիկաձև է, ցողունը՝ կանգուն, ճյուղավորվող, բարձրությունը՝ 40–120 սմ: Տերևները հերթադիր են, բազմակի փետրաձև կտրտված, ասեղնաձև, ցողունի վերին մասում՝ նստադիր, ստորինում՝ կոթունավոր՝ դեղնականաչավունից մինչև թխակապույտ կանաչ:

Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, երկսեռ, դեղին: Ծաղկում է մայիս–օգոստոսին: Պտուղը ձվաձև կամ լայն էլիպսաձև սերմիկ է: Սերմերը մանր են, գորշագույն: Համեմունքային բույս է. օգտագործում են թարմ և չորացրած՝ աղցանների և կերակուրների մեջ, կիսահասուն ծաղկացողունները՝ թթուներ պատրաստելիս: Սամիթը հարուստ է երկաթի, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի աղերով, B խմբի, C վիտամիններով, կարոտինով (A– նախավիտամին): Յուրահատուկ համն ու բույրը պայմանավորված են սերմերում պարունակվող եթերայուղերով: Օգտագործում են հրուշակեղենի, օծանելիքի, պահածոների արտադրության մեջ: 
 
Սամիթը ցրտադիմացկուն է, լուսասեր, պահանջկոտ չէ աճման պայմանների նկատմամբ: Աճեցվում է բաց և փակ գրունտում:
 
Սամիթի պտուղներից ստանում են անեթին պատրաստուկը, որը բժշկության մեջ կիրառվում է որպես հակակծկումային միջոց, սամիթաջուրը՝ նորածին երեխաների ստամոքսի ցավերը մեղմելու և գազերը հեռացնելու համար:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: