Հանրագիտարան

Ուռենի

Ուռենին ուռազգիների ընտանիքի տերևաթափ ծառ կամ թուփ է: Հայտնի է ուռենու ավելի քան 300 տեսակ, որոնք տարածված են Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն գոտիներում: ՀՀ-ում դրանք 10-ն են՝ այծուռենի, եռառէջ, դեղնաճյուղ, կողովի, սպիտակ և այլն:
Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է գետերի և առուների ափերին, ջրավազանների շրջակայքում, խոնավ վայրերում:
 
Բարձրությունը 10–15 մ է: Տերևներն էլիպսաձև են, նշտարաձև, ամբողջական, կարճակոթուն: Ծաղկաբույլը կատվիկ է, ծաղիկները՝ երկտուն, միասեռ: Պտուղը տուփիկ է, սերմերն ունեն սպիտակ ծաղիկներով փուփուլներ:Ուռենու որոշ տեսակների կեղևը պարունակում է գլիկոզիդներ (սալիցիլին, սալինիգրին), աղաղանյութեր և այլն: Բնափայտը թեթև է, փափուկ, շուտ փտող: Ճյուղերից պատրաստում են կողովներ, ամառանոցային կահույք: Մատղաշ ընձյուղներն ու տերևներն օգտագործվում են որպես անասնակեր, կեղևը՝ կաշի աղաղելիս: Բազմաթիվ տեսակներ գեղազարդիչ են (հատկապես`   սպիտակ ուռենու լացող տարատեսակը, որի բարձրությունը մինչև 18 մ է): Ընձյուղները ոսկեդեղին են, աղեղնաձև՝ դեպի ցած թեքված: Պիտանի է հակաէրոզային տնկարկների համար:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: