Հանրագիտարան

Քրքում

Քրքումը (չիգտամ, զաֆրան) բազմամյա պալարակոճղեզավոր, անցողուն խոտաբույս է, որը պատկանում է հիրիկազգիների ընտանիքին :

Հայտնի է քրքումի 80 տեսակ՝  տարածված Եվրոպայում և Ասիայում: ՀՀ-ում հանդիպում է քրքումի 2 տեսակ՝  հրաշալի և Ադամի՝  տարածված գրեթե բոլոր մարզերի միջին գոտուց մինչև ալպյան մարգագետիններ: Աճում է անտառի բացատներում, կանաչապատ լանջերին, թփուտներում, գետահովիտներում, վարելահողերում և այլուր:

Տերևները բազմաթիվ են, արմատամերձ, նեղ գծաձև. զարգանում են հիմնականում ծաղկման շրջանում կամ ծաղկումից հետո: Ծաղիկները մեկական են (հազվադեպ՝ 2–3-ական), հիմքում՝ ձուլված, թաղանթային, երկսեռ, բաց վարդագույն, վարդամանուշակագույն, բաց մանուշակագույն: Հրաշալի քրքումը ծաղկում է սեպտեմբեր-հոկտեմբերին, իսկ Ադամի քրքումը՝ մարտ-մայիսին: Ծաղկապատը ձագարաձև է, որը վերածվում է խողովակի: Սպիները վառ նարնջագույն են (դրանցից ստացվում է զաֆրան ներկանյութը): Գեղազարդիչ և համեմունքային բույս է: Բազմանում է պալարակոճղեզներով, պալարաբողբոջներով և սերմերով: Երկու տեսակն էլ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: