Հանրագիտարան

Քսերոֆիտներ

Քսերոֆիտները (չորաբույսեր) այն բույսերն են, որոնք կարողանում են հարմարվել չոր պայմաններում ապրելուն և դիմանում են գերտաքացմանը և ջրազրկմանը:

Դրանք հիմնականում տափաստանային, անապատային և կիսաանապատային բույսեր են: Քսերոֆիտները բաժանվում են մի շարք էկոլոգիական խմբերի: 

Սուկուլենտներն ունեն ջուրն ամբարող հյուսվածքներ, արմատային համակարգը մակերեսային է, հորիզոնական, տերևային մակերեսը վերածվում է փշերի կամ թեփուկների: Ջերմադիմացկուն են: ՀՀ-ում տարածված են մատիտեղանման գեղածնկիկը, օրոճը, օշանը և այլն, ջերմատներում՝ հալվեն, ագավան:
 
Հեմիքսերոֆիտներն ունեն խորը թափանցող հզոր արմատներ, չեն դիմանում ջրի պակասին և ուժեղ շոգին: Ինտենսիվ գոլորշիացման շնորհիվ կանխվում է հյուսվածքների գերտաքացումը: ՀՀ-ում հայտնի են սիբեխը, կարմրանը, ուղտափուշը և այլն: 
 
Էվքսերոֆիտների կամ իսկական քսերոֆիտների արմատները խորը չեն, աճում են խոնավության մշտական կամ սեզոնային պակասի պայմաններում: Կարող են հարմարվել չորային կլիմայում ապրելուն և բազմանալուն: ՀՀ-ում աճում են փետրախոտը, օշինդրը, լերդախոտը, բորակաթուփը, աղուտ և գիպսոտ տարածքներում՝ կալիախոտը, աղապատուկը, ցմախը և այլն: 
 
Պոյկիլոքսերոֆիտներն իրենց ջրային հաշվեկշիռը չեն կանոնավորում: Կարող են դիմանալ ամենախիստ չորային պայմաններին: Խիստ ջրազրկման պայմաններում ընկնում են կենսադադարի (անաբիոզ) մեջ: Բարենպաստ պայմաններում վերականգնում են իրենց բնականոն կենսագործունեությունը: 
ՀՀ-ում քսերոֆիտներից տարածված են քարաքոսերը, կիսաանապատային կապտականաչ ջրիմուռները և այլն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: