Հանրագիտարան

Քեմոն

Քեմոնը, որն առավել հայտնի է որպե չաման, նեխուրազգիների ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույս է: Նրա ցողունը հարթ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 5–80սմ:

Հայտնի քեմոնի ավելի քան 30 տեսակ՝ տարածված Ասիայում ու Եվրոպայում, իսկ ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ սովորական, կովկասյան և Կոմարովի: Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ալպյան մարգագետիններում:

Տերևները հերթադիր են, երկարավուն, կրկնակի, եռակի փետրաբաժան: Ներքևի տերևները կոթունավոր են, վերևինները՝ նստադիր: Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ վարդագույն: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը երկարավուն է, ձվաձև`   կազմված 2 պտղիկներից: Ունի յուրահատուկ համ: Եթերայուղատու և մեղրատու է:
 
Սերմերը պարունակում են 3–7% եթերայուղ, որն օգտագործվում է հրուշակեղենի, օծանելիքի, օճառի, լիկյորների, օղու արտադրության ու բժշկության մեջ: Քուսպն արժեքավոր խտացրած կեր է: Քեմոնի սերմերից պատրաստում են նաև մսապուխտների համեմունք:
 
Կոմարովի քեմոնը հանդիպում է միայն Գեղարքունիքի (Գռասար) և Սյունիքի (Խուստուփ լեռ) մարզերի ալպյան և ենթալպյան գոտիներում. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: