Հանրագիտարան

Քարաքոսեր

Քարաքոսերը բազմամյա ստորակարգ բույսեր են: Հայտնի է քարաքոսների մոտ 26 հզ. տեսակ: Քարաքոսերի տեսակներով հարուստ են արևադարձային և մերձարևադարձային շրջանները:

Քարաքոսի մարմինը (թալոմ) կազմված է ջրիմուռից (ֆիկոբիոնտ) և սնկից (միկոբիոնտ), որոնց փոխհարաբերությունը դիտվում է որպես փոխադարձ մակաբուծություն՝ սնկի կողմից ավելի խիստ արտահայտված:

Քարաքոսերի տեսակները տարածված են խիստ որոշակի պայմաններում և կոնկրետ հիմնանյութերի վրա, ըստ որի՝ տարբերում են էպիլիտ (բնակվում են քարաժայռերի վրա), էպիֆիտ (ծառերի կեղևի վրա), էպիքսիլ (փտած բնափայտի վրա), էպիֆիլ (ասեղնատերևների վրա), էպիգեյ (հողի), էպիբրիոֆիլ (մամուռների վրա), ամբիֆիլ (ջրում) էկոլոգիական խմբեր:
 
Քարաքոսերն իրենց բաղադրիչներից տարբերվում են ձևակազմաբանական, ֆիզիոլոգիակենսաքիմիական և էկոլոգիական առանձնահատկություններով: Արտաքին կառուցվածքով լինում են կեղևանման, տերևանման, թփանման, գույնով`   սպիտակ, գորշ, դեղնականաչավուն, նարնջագույն և այլն: Տարբերվում են համաչափ (ջրիմուռների բջիջները հավասարաչափ տարածված են ամբողջ մարմնում) և տարաչափ (ջրիմուռները կազմում են առանձին շերտ՝ վերին կեղևային շերտի տակ) կազմաբանական կառուցվածքներով: Բազմանում են վեգետատիվ (թալոմի մասնիկներով կամ հատուկ գոյացություններով), անսեռ և սեռական ճանապարհներով:
 
Քարաքոսերը բնակվում են այնպիսի հիմնանյութերի վրա, որոնք պիտանի չեն այլ բույսերի համար, սակայն աստիճանաբար քայքայվելով՝ բարենպաստ պայմաններ են ստեղծում բարձրակարգ բույսերի համար: Քարաքոսերը պահանջկոտ չեն արտաքին միջավայրի պայմանների նկատմամբ, կարող են հեշտությամբ գոյատևել նաև ջրազուրկ միջավայրում: Խիստ զգայուն են օդի աղտոտվածության նկատմամբ և օգտագործվում են որպես կենսացուցիչներ: Որոշակի կլիմայական պայմաններում քարաքոսերի տարեկան աճի կայունությունն օգտագործվում է լեռնային ապարների, հնագիտական հուշարձանների տարիքը որոշելու համար: Հյուսիսում քարաքոսերն աճում են շատ առատ. եղջերվաբուծության հիմնական կերային հումքն են: 
 
Կենսագործունեության ընթացքում քարաքոսերն առաջացնում են յուրահատուկ քարաքոսային նյութեր: Որոշ տեսակներից ստանում են հակաբիոտիկներ, եթերայուղեր, լակմուս և այլն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: