Հանրագիտարան

Օշան

Օշանը, որին անվանում են նաև շոռան, աղաբույս, աղուտաբույս, միամյա կամ բազմամյա թուփ կամ կիսաթուփ է, հազվադեպ՝ ծառ, որը պատկանում է թելուկազգիների ընտանիքին: Հայտնի է օշանի 100 տեսակ, որոնք տարածված են Եվրասիայի և Աֆրիկայի անապատներում ու կիսաանապատներում, Ամերիկայում և Ավստրալիայում:
ՀՀ-ում աճում է 11 տեսակ՝ ռուսական, Թամամշյանի, ծառանման, նատրոնային և այլն: Տարածված է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է ավազուտներում, աղուտ-ալկալի հողերում:
 
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ մինչև 150 սմ: Տերևները հերթադիր են, մսալի, գծաձև, կլոր կամ կիսագլանաձև: Ծաղկաբույլը հասկանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ երկսեռ, մեկական, տերևանութներում, դեղնավուն կամ վարդագույն: Ծաղկում է օգոստոս-սեպտեմբերին: Պտուղը չոր, միասերմ ընկուզիկ է:
 
Թամամշյանի օշանը Հայաստանի բնաշխարհիկ է, հանդիպում է միայն Արարատյան գոգավորությունում (Վաղարշապատ քաղաքի, Գոռավան, Երասխ գյուղերի շրջակայքում). գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: