Հանրագիտարան

Ալոճենի

Ալոճենին (սզնի) վարդազգիների ընտանիքի փշոտ թուփ կամ ծառ է: Այն տարածված է Հյուսիսային Ամերիկայում և Եվրասիայում: ՀՀ-ում աճում է ալոճենու 10 տեսակ. առավել հաճախ հանդիպում է Զանգեզուրի, Վայքի, Մեղրու տարածաշրջաններում:

Ալոճենին ունի մանր, հյութալի, կարմիր կամ սև պտուղներ, որոնք սննդի մեջ օգտագործվում են թարմ և չորացրած: Ծաղիկներն ունեն տհաճ հոտ: Որոշ տեսակների պտուղների և ծաղիկների թուրմից պատրաստում են սրտամկանը տոնուսավորող, արյան ճնշումն իջեցնող և նյարդային համակարգը հանգստացնող պատրաստուկներ, իսկ կեղևից ստացվում են աղաղանյութեր և կարմրադարչնագույն ներկ: Որոշ տեսակներ գեղազարդիչ են. օգտագործվում են կանաչ ցանկապատերի համար:

Շատ փոքրիկ թռչունները հաճախ իրենց բույնը հյուսում են ալոճենու ճյուղերին, քանի որ ալոճենին փշերով պաշտպանում և պատսպարում է իր ճյուղերի մեջ թշնամիներից թաքնըվողներին. փոքրիկ թռչնակը կարող է ազատ թռչել փշոտ ճյուղերի միջով, և եթե ավելի խոշորամարմին կամ դանդաղաշարժ մեկը (կատու, ագռավ կամ բու) ցանկանա ավերել բները, փշերը կպատժեն նրան:
 
Բնափայտն ամուր է, օգտագործվում է զանազան առարկաներ պատրաստելու համար: Ալոճենին նաև մեղրատու բույս է:
Պոնտական ալոճենին հազվագյուտ տեսակ է, հանդիպում է Խոսրովի անտառ արգելոցում, Ուրցաձորում՝ կաղնու և գիհու նոսրանտառներում: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: