Առողջապահություն

Սանսևիերա

Սանսևիերան համարվում է ուսուցիչների և աշակերտների հովանավորը, ուստի տեղին կլինի այդ բույսից ունենալ նաև դասասենյակներում։ Այս հանրահայտ սենյակային բույսի լատինական անվանումը սերում է բնական գիտությունների մեծ գիտակ, նեապոլիտանական իշխան Ֆոն Սանսևիերիայի անունից։

Սանսևիերայի հայրենիք համարում են Արևմտյան Աֆրիկայի տրոպիկական շրջանները։ Բուսաբաններին ծանոթ է այդ բազմամյա մշտադալար բույսի ավելի քան յոթանասուն տեսակ, սակայն ամենից տարածվածն է Ծույլերի բույսը։

 

Սանսևիերան բավականին դիմացկուն բույս է։ Այն առանց որևէ խնդրի աճում է թե՛ արևի, թե՛ ստվերի, թե՛ կիսաստվերի պայմաններում։ Նրան չեն վախեցնում ո՛չ միջանցիկ քամիները, ո՛չ օդի խոնավությունը, ո՛չ փոշին։

 

Սանսևիերան հաճախակի տեղափոխության կարիք չի զգում։ Միակ բանը, որն այս բույսը չի «հանդուրժում», բնահողի գերխոնավացումն ու 0 աստիճան C-ի պայմաններում երկար մնալն է։ Նոր արմատակալած մատղաշ բույսի բնահողը պետք է բաղկացած լինի պարարտանյութից և ավազից։

 

Սանսևիերան բարերար ազդեցություն է թողնում օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակության վրա։ Լինելով մի բույս, որն արագ հարմարվում է ցանկացած նոր միջավայրում, սանսևիերան օրգանիզմին օգնում է հարմարվել տարատեսակ դժվարություններին և բարձրացնում նրա դիմադրողականությունը։
 
Ժողովրդական բժշկության մեջ սանսևիերայի արմատներից պատրաստված եփուկն օգտագործում են ընդհանուր թուլության ժամանակ որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց։ Բացի այդ, օտիտի ժամանակ բույսի տերևներից ստացված տաք հյութը կաթեցնում են ականջի մեջ։
 
Նշվում է նաև, որ սանսևիերայի հյութն օգնում է վերքերի արագ սպիացմանը, հանգստացնում է քորը։ Բույսի չորացրած տերևների այրումից առաջացած ծուխն օգնում է գլխացավի ժամանակ։ Այս դիմացկուն և ոչ քմահաճ բույսն ունի շատ այլ անվանումներ, ինչպես օրինակ՝ «խեղկատակի պոչ», «հովազաշուշան», «օձի կաշի» և այլն։
 
Աղբյուր`   Ֆարմացևտ պրակտիկ 3-2008 (11)
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: