Հանրագիտարան

Վարդենի

Վարդենին կամ վարդը վարդազգիների ընտանիքի (Rosáceae) բույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 400, ՀՀ-ում`   31 տեսակ: Թուփ է՝ բարձրությունը 0,15-3 մետր։ Որոշ տեսակներ առաջացնում են մինչև 10-12 մետր երկարությամբ սողացող, մագլցող կամ փաթաթվող, փշերով ու փշիկներով պատված ընձյուղներ։

Տերևները հերթադիր են, բարդ, կենտփետրաձև, մերկ կամ թավոտ։ Ծաղիկները պարզ են կամ բազմաթերթ, տրամագիծը`    2-15 սմ, բուրավետ (հազվադեպ`   անհոտ), կարմիր, սպիտակ, վարդագույն, դեղին, նարնջագույն։

 

Հիբրիդացման և արհեստական ընտրության շնորհիվ ստեղծվել են վարդենու բազմաթիվ պարտեզային ձևեր։ Սորտերի բազմազանության, առատ և երկարատև ծաղկման ու գույների հարստության շնորհիվ առավել գեղազարդիչ նշանակություն ունեն հիբրիդ թեյավարդերը և ֆլորիբունդան։
 
Վարդենու ծաղիկը լավորակ հումք է գինու, լիկյորի, հյութերի, եթերայուղերի, զովացուցիչ ջրերի, մուրաբայի, թեյի համար։ Վարդենու վայրի տեսակներն օգտագործվում են որպես կանաչ ցանկապատ, թեք լանջերն ամրացնելու, հողը էրոզիայից պաշտպանելու և մշակովի վարդենու համար որպես պատվաստակալ օգտագործելու համար։
 
Վարդը դեկորատիվ բարձր արժանիքների շնորհիվ մեր թվարկությունից դեռ շատ դարեր առաջ հայտնի է եղել մարդուն։ Հերոդոտոսը մ.թ.ա. 5-րդ դարում հիացմունքով և մեծ ջերմությամբ է նկարագրել Միդաս թագավորի այգում մշակվող լիաթերթ վարդը։
 
Հին հնդկական գրականության մեջ ասվում է, որ իբր Վիշնայի ամուսին Լակշմի աստվածուհին հանգչում, հանգիստ է առնում 108 մեծ և 1008 մանր պսակաթերթերից կազմված վարդի ծաղկի կենտրոնում։ Վաղնջական ժամանակներում վարդը հայտնի էր նաև Բաբելոնում։
 
Հին Հռոմում խնջույքների և տոնահանդեսների ժամանակ դահլիճները զարդարում էին թարմ վարդերով, իսկ ամբողջ տոնահանդեսի ժամանակ առաստաղից վարդեր էին թափվում տոնախմբության մասնակիցների վրա։
 
Հայաստանը վայրի վարդենիների բնօրրաններից է: Այդ են վկայում բուսաբաններ Միքայել Թումանյանի, Դ. Ի. Սոսնովսկու, Պ. Դ. Յարոշենկոյի հայտնաբերած վարդենու բնաշխարհիկ տեսակները։ Վարդենու մշակման վերաբերյալ տեղեկություններ կան Խորենացու, Բուզանդի, Ալիշանի և այլոց աշխատություններում։ 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: