Հանրագիտարան

Գլոքսինիա

Գլոքսինիան բոլորի կողմից սիրված է և համարվում է «էլիտար» ծաղկատեսակ: Պատկանում է գեսներայինների (Gesneriaceae) ընտանիքին: Հայրենիքը արևադարձային Ամերիկան է: Ընտանիքը ներկայացված է 20 տեսակով և կան բազմաթիվ հիբրիդային տեսակներ:

Բույսի տերևները թավշե ծածկույթով են՝ օվալաձև, լայն տերևներով, արտաքինից պատված աղվամազով:  Ունի երկար ու զանգակաձև, խոշոր ծաղիկներ, որոնք 10-12 սմ տրամագծով, նստած են երկար ու փխրուն ծաղկակոթունների վրա:  Դրանք բազմերանգ են՝  մաքուր սպիտակ, վառ կարմիր, մանուշակագույն , երկգույն կամ եռագույն շերտերով:

Գլոքսինիան սենյակում պետք է դրված լինի լուսավոր, բայց ոչ արևոտ տեղում, լույսի պակասության դեպքում    բույսը չի ծաղկի: Այն պետք է պահել արևի ուղիղ ճառագայթներից հեռու: Սենյակում ջերմաստիճանը չպետք է բարձր լինի 24 աստիճանից ամռանը,  իսկ ձմռանը ցածր՝ 18 աստիճանից:
 
Ճիշտ խնամքի դեպքում բույսը  կարող է ծաղկել 6-7 ամսից:  Արտաքին  գեղեցիկ տեսքը պահելու համար անհրաժեշտ է ծաղկաթափ եղած ծաղկակոթունները հեռացնել: Դրա շնորհիվ երկարաձգվում է նաև բույսի ծաղկման տևողությունը:
Ծաղկման շրջանից հետո ջրելը աստիճանաբար պետք է քչացնել, իսկ երբ բոլոր տերևները դեղնում և չորանում են,  սոխուկներն անցնում են հանգստի շրջան: Այդ ժամանակ ջրելը պետք  է դադարեցնել: Պարզապես հողը ժամանակ առ ժամանակ կարելի է խոնավացնել:
 
Ամռանը պետք է ջրել ոչ առատ և  անպայման տակից, որպեսզի ջրի կաթիլները չընկնեն տերևների վրա, հանգստի շրջանում ջրելը պետք է դանդաղեցնել, իսկ ձմռանը՝ լրիվ դադարեցնել: Ձմռանը թաղարը պետք է դնել չոր տեղ և ընդհանրապես չջրել, հակառակ դեպքում բույսը կմեռնի:
 
Այս բույսի մշակելը բավական դժվար է, քանի որ գլոքսինիան շատ քմահաճ է և զգայուն՝ արտաքին պայմանների նկատմամբ: Բազմացվում է սոխուկների  բաժանումով, սերմերով, ինչպես նաև տերևի արմատակալմամբ:
Ցանքը կատարվում է հունվար-փետրվար, ինչպես նաև նոյեմբեր-մարտ ամիսներին: Սերմերը շատ մանր են, այդ պատճառով կարելի է չծածկել հողով:  Սենյակային պայմաններում աճեցվում է գլոքսինիայի հիբրիդը, և հիմնականում բազմացնում են տերևակալմամբ:
 
Սոխուկները չի կարելի շատ խորը թաղել հողում, երիտասարդներին անհրաժեշտ է մոտ կես սանտիմետր, իսկ տարեցներին՝ 1.5 սմ հաստությամբ հողաշերտ: Դրանք ավելի խորը տնկելու դեպքում դժավարությամբ են են դուրս գալիս հողի երես և շատ հաճախ նեխում են: Բույսը կարելի է տեղափոխել տարին մեկ անգամ:
 
Աղբյուր`   Ankakh.com
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: