Հանրագիտարան

Դրախտավարդ

Դրախտավարդը պատկանում է քարբեկազգիների ընտանիքին: Ոչ մշտադալար թուփ է, որի տեսակներից մեզ մոտ աճեցվում է պարտեզայինը: Թփի բարձրությունը հայրենիքում (Չինաստան, Ճապոնիա) և Սև ծովի ափերին հասնում է մինչև 2 մետրի:

Ճյուղերի վրա հակադիր նստած, օվալաձև, սրածայր, ատամնավոր տերևների վերին մակերեսը մուգ կանաչ է, հակառակ կողմը`   բաց կանաչ: Ցայտուն ընդգծված տերևաջղեր ունի: Ծաղիկները ծաղկաբույլերով են, որոնք գնդաձև կամ հովանոցաձև տեսք ունեն:

 

Ծաղկաբույլերը փարթամ են ու խոշոր, բազմերանգ են, հիմնականում լինում են սպիտակ կամ վարդագույնի տարբեր երանգներով: Պարտեզագործության մեջ շատ տարածված է դրախտավարդի ծաղիկների գույնն արհեստական եղանակով փոխելը:
 
Այդ նպատակով ծաղկելուց մի քանի շաբաթ առաջ բույսերը ջրում են ալյումինի պաղլեղով (շիբ)՝ մեկ լիտր ջրի մեջ լուծելով 5 գրամ շիբ: Դրանից հետո դրախտավարդի սպիտակ ծաղիկները ձեռք են բերում երկնագույն, իսկ վարդագույնը`   բաց մանուշակագույն երանգներ:
 
Ծաղկած ժամանակ դրախտավարդը պահում են ստվերում: Ծաղկում է ամառվանից մինչև աշուն: Բույսը բազմանում է կտրոնով: Կտրոնից պետք է ունենալ 2-3 հանգույց: Բազմացումը կատարվում  է փետրվար-մարտ ամսին:
 
18-20 աստիճան պայմաններում կտրոնները արմատակալում են 13-15 օրում: Եթե բույսը բավական խոշորացել է, և արմատներն ամբողջությամբ ընդգրկել են թաղարը, անհրաժեշտ է փոխադրել ավելի մեծ թաղարի մեջ:
 
Դրախտավարդը  խոնավասեր է: Ամռանը պետք է առատ պետք է ջրել, ինչպես նաև բույսը ցողել ջրով: Իսկ սեպտեմբերի երկրորդ կեսից հետո ջրման նորման աստիճանաբար պակասեցնում են, որի հետևանքով բույսը հետզհետե դադարում է աճել և ուշ աշնանը տերևաթափ է լինում:
 
Ձմռանը դրախտավարդը պահում են 3-4 աստիճան պայմաններում: Բույսն ամբողջությամբ տերևազրկվում է, և սկսվում է հանգստի շրջանը, որը տևում է 2,5-3 ամիս: Հանգստի շրջանում ջրման նորման խիստ պակասեցնում են և խոնավացնում են միայն հողի արտաքին մակերեսը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: