Հանրագիտարան

Սենպոլիա

Սենպոլիան կամ աֆրիկյան մանուշակը իր մեջ ներառում է 20 ցեղ, որոնք միասին պարունակում են մոտ 1500 տեսակ: Հայրենիքը համարվում է Արևելյան Աֆրիկան, որտեղ այն հանդիպում է ծովի մակերևույթից 500-1800մ բարձրությամբ անտառներում:

Բույսն իր անունը ստացել է ի պատիվ Վալտեր Սեն-Պոլի, որը 1892թ. առաջին անգամ Ուզամբարի սարերով ճանապարհորդելիս նկարագրել է ծաղիկը: Տանզանիան, որտեղ էլ գտնվում է Ուզամբարի սարը, 19-րդ դարի վերջին, գերմանական գաղութ էր: Այնտեղ գերմանական ղեկավարությունը շրջանային ղեկավար էր նշանակել ծագումով շվեյցարացի Վալտեր Սեն-Պոլին, որն էլ իր ադմինիստրատիվ ծառայությունները կատարելու ընթացքում ուսումնասիրել է տեղանքն ու բուսական աշխարհը:

Բույսը բնական վիճակներում սիրում է ստվերոտ և խոնավ վայրեր`   ոչ մեծ քարերի առկայությամբ, որոնք կարող են հանդիպել մանր գետակների ու առուների շրջակայքում: Սենյակային պայմաններում դժվար է հանդիպել բնական սենպոլիայի, քանի որ տնային պայմաններում դրանք 2-3 տարի անց կորցնում են իրենց դեկորատիվությունը:
 
Մանուշակը բազմամյա  թուփ է`   խավոտ, հյութալի, բայց դյուրաբեկ տերևներով, որոնք փնջով դասավորված են արմատակիր ցողունի շուրջը: Տեսակից կախված`   տերևները օվալ-սրտաձև են, երկարությունը հասնում է մինչև 10 սմ:
Բույսի ծաղիկները բազմերանգ են`   մուգ կապույտ կամ թանձր մանուշակագույն, բալագույն, սպիտակ, վարդագույն: Ճիշտ խնամքի դեպքում և բավարար լուսավորության դեպքում`   բույսը ծաղկում է կլոր տարին, բայց ծաղկառատ շրջան է համարվում գարնանային և աշնանային սեզոնները: Ծաղկակիր ցողունները դուրս են գալիս տերևների փնջաձև կենտրոնից և ձգվում են դեպի լույսը: Ծաղկակիր ցողունի երկարությւոնը կարող է ձգվել մինչև 10 սմ, ամեն ցողունի վրա կարող է նստել 3-8 կոկոն: Դրանք ապրում են մեկից-երկու շաբաթ, որից հետ մեռնում են և  առաջ են գալիս երիտասարդ ծաղկակիրները:
 
Մանուշակի արմատային համակարգը շատ թույլ է զարգանում, այդ պատճառով այն պետք է տնկել ծանծաղ և խորություն չունեցող թաղարներում: Բույսի հողը չի կարելի շատ պարարտացնել, որովհետև դրանից, թեպետ կարող են աճել հաստ և խոշոր տերևներ, սակայն  դրա փոխարեն այն չի ծաղկի: Սենպոլիան  խոնավասեր բույս է, այդ պատճառով պահանջում է օրը մեջ առատ ջրում, իսկ ձմռանը`   շաբաթը երկու անգամ: Ջրել պետք է շատ զգույշ, որպեսզի տերևների վրա ջուր չկաթա:
 
Ծաղիկը կարելի է տեղափոխել, սակայն դա պետք է կատարել վաղ գարնանը, երբ բույսը չի մտել ակտիվ աճի շրջան:
Սենպոլիան սիրում է մաքուր օդ, այդ պատճառով սենյակը պետք է հաճախակի օդափոխել, այդ թվում ձմռանը:  Բույսը լուսասեր է և հարավային լուսաամուտներին լավ է զգում ձմռանը, սակայն գարնան գալու հետ նրան պետք  է տեղափոխել ավելի ստվերոտ անկյուններում, որպեսզի տերևները չվառվեն: Ձմռանը սենյակի ջերմաստիճանը պետք է լինի 18-22 աստիճան:
 
Բույսը բազմացվում է տերևներով կամ թփի բաժանումով:  Տերևի ցողունը ջրով բաժակի մեջ շատ հեշտ արմատակալում է: Իսկ թփիկը պետք է առանձնացնել այն դեպքում, երբ արմատակիր ցողունի շուրջը մի քանի թփիկներ կան գոյացած:
 
Աղբյուր`   Ankakh.com
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: