Հանրագիտարան

Խորդենի

Առավել տարածված է երկու ցեղ՝ Խորդենի (Pelargonium) և Արագլախոտ՝ երեմ (Журавельник, Geranium): Պատկանում են խորդենազգիների ընտանիքին:

Հայտնի է Խորդենու մոտ 400 տեսակ: Եթերային յուղ ստանալու համար մշակվում է վարդաբույր Խորդենին (P. graveolens): Բազմամյա կիսաթուփ է, հզոր արմատով, ցողունը՝ 80-100սմ բարձրությամբ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ուժեղ ճյուղավորված: Տերևները հերթադիր են, բլթակավոր, թավոտ: Ծաղիկները՝ բաց վարդագույն:

Եթերայուղը կուտակվում է հիմնականում տերևներում (մոտ 14%): Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության, բժշկության մեջ: Վարդաբույր Խորդենին պահանջկոտ է ջերմության, լույսի և խոնավության նկատմամբ: Սառնամանիքները ( -2 -3oC) խիստ վտանգավոր են: Հիմնականում անպտղաբեր է, բազմացվում է արմատակալներով, որոնք աճեցվում են ջերմատներում:
 
Սովետական Հայաստանում խորդենին, որպես եթերա-ձիթատու կուլտուրա մշակվել է 1938 թ-ից Հոկտեմբերյանի և Էջմիածնի շրջաններում:  Արագլախոտ մարգագետնային  (Geranium pratense L.)  Մարգագետնային Խորդենին (Geranium pratense L.)  աճում է բարեխառն գոտում համարյա ամենուրեք: Բազմաթիվ երկրներում այն օգտագործվում է ինչպես դեղաբույս: Բուժիչ հատկություններ ունեն բույսի վերգետնյա, երբեմն էլ ստորգետնյա մասերը: Հումքը հավաքում են ծաղկման շրջանում, չորացնում են լավ օդափոխվող սենյակում 40—45 °С: Չորացած հումքը կարելի է պահել մեկ տարի:
 
Արմատները հանում են աշնանը, մաքրում հողից, լվանում և նույնպես չորացնում: Արմատները պարունակում են օսլա և այլ ածխաջրեր, տրիտերպենային սապոնիններ, դաբաղանյութեր (19—38 %), ֆենոլկարբոնային թթուներ, կատեխիններ, ֆլավոնիդներ, վիտամին С և կարոտին: Բույսի վերգետնյա մասում հայտնաբերվել են ածխաջրեր, գլյուկոզա, ֆրուկտոզա, ռաֆինոզա, սապոնիններ, ալկալոիդներ, վիտամին С և K, կարոտին, դաբաղանյութեր(3,2—4 %), ֆլավոնիդներ, անտոցիաններ և կեյկոանտոցիաններ, հանքային նյութեր՝ երկաթ, մարգանեց, նիկել, ցինկ և այլն:
 
Օգտագործվում է չարորակ նորագոյացությունների, կոտրվածքների, էպիլեպսիայի, շնչուղիների հիվանդությունների, տենդի, գաստրիտի, սննդային թունավորումների, ռևմատիզմի և բազմաթիվ այլ հիվանդությունների դեպքում:
Ժող. բժշկության մեջ եփուկն օգտագործվում է անքնության, լուծի, կանացի արյունահոսությունների, էկզեմաների և այլ տարբեր հիվանդությունների դեպքում:
 
Խորդենուց պատրաստված դեղամիջոցներն օգտագործվում են նաև թունավոր օձերի խայթոցների դեպքում:
Խորդենին արագ և հեշտ  է բազմացնել կտրոններով: Կարելի թուփը կամ արմատները մասերի բաժանել: Դա կարելի է իրականացնել վաղ գարնանը  և  ամռան վերջին: Վերջինը ավելի բարեհաջող ժամանակ է : Քանի որ այդ շրջանում բույսը համարյա հանգստի մեջ է և արմատները կարելի է մաքրել հողից և տնկել նոր տեղում: Ուշադրություն պետք է դարձնել,որ ցողունները լինեն առողջ  և ամուր: Սեպտեմբերի ընթացքում կտրոնների վրա առաջանում են երիտասարդ արմատներ, որոնցով բույսը ձմեռում է :  Խորդենիները /բացի Ռոբերտ խորդենուց/ երկար են ապրում:
 
Թուփը առանց բաժանման և տեղափոխման կարող է ծաղկել մինչև 10—15 տարի, դառնալով ավելի գեղեցիկ: Միայն  10—12 տարի հետո կերևան ծերության նշանները: Ավելի լավ է մինչ այդ  `   9—10 տարեկան թուփը բաժանել և  տեղափոխել թարմ հողի մեջ: Խորդենին սիրում է մոխիր և ճիշտ  ջրվել: Թառամած ծաղիկներից հետո  հարկավոր է  կտրել այդ ցողունները:
 
Աղբյուր`   Ankakh.com
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: