Հանրագիտարան

Հովտաշուշան

Հովտաշուշանը (Convalaria) հովտաշուշանազգիների ընտանիքի բույսերի ցեղ է։ Բազմամյա խոտաբույսեր են՝ 2-3 արմատամերձ, էլիպսաձև տերևներով։

Ծաղկակրի բարձրությունը մինչև 20 սմ։ Ծաղիկները՝ երկսեռ, զանգակաձև-գնդաձև։ Պտուղը եռաբուն, կարմիր հատապտուղ է։

ՀՀ հյուսիսային շրջանների անտառներում երբեմն հանդիպում է մայիսյան հովտաշուշանը կամ ծովաշուշանը (C. majalis), որի ծաղիկները մանր են, սպիտակ՝ խմբված ողկույզներում։ Խոնավասեր է, ջերմասեր։ Բազմանում է սերմերով, կոճղարմատներով։ Մշակության մեջ հայտնի են հովտաշուշանի բազմաթիվ՝ վարդագույն, լիաթերթ, խոշոր ծաղիկներով, խայտաբղետ տերևներով ևն տարատեսակներ։ Վերգետնյա մասերը պարունակում են սրտային գլիկոզիդներ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: