Հանրագիտարան

Հովանոցավորներ

Հովանոցավորները կամ նեխուրազգիները (Umbelliferae, Apiaceae) երկշաքիլ բույսերի ընտանիք են։ Բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ՝ թփեր կամ ցածրաճ ծառեր։

Ցողունը սնամեջ է՝ հաստացած հանգույցներով։ Տերևները հերթադիր են, առանց տերևակիցների, երկակի կամ եռակի փետրաձև կտրտված, ծաղիկները՝ կանոնավոր, մանր, երկսեռ՝ խմբված պարզ կամ բարդ հովանոցներում, երբեմն՝ գլխիկներում։ Խոշոր ցեղերից են անիսոնը, երնջնակը, նարդեսը, եզնակողը ևն։ Հովանոցավորների մեջ կան վայրի և մշակովի արժեքավոր բույսեր (գազար, համեմ, սամիթ, սիբեխ, նեխուր ևն), բազմաթիվ մոլախոտեր (ջամջամ, տուրգենիա, աստղագազար, շուշանբանջար ևն)։ Շատ տեսակներ դեղաբույսեր են (սմիրնիոպսիս, մարգացնծու ևն)։ Որոշ հովանոցավորներ լավագույն եթերայուղատու են։

ՀՀ-ում հայտնի է 67 ցեղ՝ 134 տեսակով, որոնք աճում են ալպիական մարգագետիններից (գետնահովանոցուկ) մինչև անապատներն (օշակ) ու կիսաանապատները (սիբեխ)։ Կան ճահճային, խիստ չորասեր և միջանկյալ էկոլոգիական ձևեր։ Հազվագյուտ, էնդեմիկ և անհետացող ավելի քան 20 տեսակ (Զեդելմեյերի մարգացնծու, Սոֆիայի գինեծաղիկ, Շովիցի նարդես, Վանատուրի երնջնակ, Վայքի ստենոտենիա ևն) գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: