Հանրագիտարան

Հազար (բույս)

Հազարը կամ մառոլը աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ է: Գոյություն ունի հազարի մոտ 100 տեսակ, ՀՀ-ում առկա է միայն 4-5 տեսակ:

Հազար աճում է Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի մարզերում և այլուր: Մշակվում է ամենուրեք: Ցողունի բարձրությունը 10-120 սմ է: Տերևները նշտարանման են, ամբողջական կամ փետրաձև բաժան, ծաղկաբույլը`   հուրանանման կամ ողկույզանման զամբյուղ, ծաղիկը`   դեղին, երբեմն`   երկնագույն կամ վարդագույն, պտուղը`   թռչող սերմիկ: Դեղաբույս է: Պարունակում է խեժ, վիտամիններ C, B, PP, կարոտին, երկաթի և ֆոսֆորի աղեր: Օգտագործվում է սննդի մեջ:

 

Գործածվում է բացառապես հում վիճակում`   որպես աղցանային ուտեստ, և ունի բարձր սննդային արժեք: Հարուստ է A, B1, B2 և C վիտամիններով և հանքային`   մասնավորապես երկաթի և կալիումի աղերով: Մշակման տարբեր պայմանների հետ կապված տարբեր է նաև հազարի քիմիական կազմը:
 
Հազարն առաջին անգամ մշակել են հին եգիպտացիները: Նախնական շրջանում օգտագործվել է որպես խոտ, որից յուղ են ստացել`   սակայն ավելի ուշ կարևորությունը տրվել է բույսի տերևներին, որոնք օգտագործվում էին սննդի մեջ: Ավելի ուշ հազարը լայն տարածում է գտել Հին Հռոմում և Հունաստանում: Հռոմեացիները բույսն անվանում են lactuca: Ք. ա. 50 թվականի դրությամբ ձեռագրերում խոսվում էր հազարի տարբեր տեսակների մասին: Գտնվել են նաև հազարի մասին միջնադարյան ձեռագրեր: Եղել է այն բուսատեսակներից, որոնք Նոր աշխարհից Հին աշխարհ է բերել Քրիստափոր Կոլումբոսը: 16-18 դարերի ընթացքում Եվրոպայում զարգացվել են հազարի բազմաթիվ տեսակներ: 20-րդ դարից սկսած հազարի արտադրությունն ու սպառումը լայնանում է`   դուրս գալով Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի սահմաններից:
 
Արարատյան հարթավայրում ձմեռում է բաց դաշտում և պատրաստ է լինում գործածության համար վաղ գարնանից: Ջերմոցներում և ջերմատներում հնարավոր է հազար ունենալ ողջ ձմռան ընթացքում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: