Հանրագիտարան

Կեչի

Կեչի կեչազգիների ընտանիքի տերևաթափ միատուն ծառ է, երբեմն՝ փռվող թփիկ: Հայտնի է շուրջ 120 (այլ տվյալներով՝ 140) տեսակ՝ հիմնականում տարածված Հյուսիսային կիսագնդի բարեխառն և ցուրտ գոտիներում:

ՀՀ-ում հանդիպում է 3 տեսակ (ելունդավոր, թավոտ և Լիտվինովի)՝ վերին լեռնային գոտիներում: Ամենատարածվածը Լիտվինովի կեչին է, որը Սևանի ավազանում և Մարմարիկի հովտում (1800–2400 մ բարձրություններում) առաջացնում է մերձալպյան անտառներ՝ կեչուտներ: Ցածրաբուն, հիմնականում սպիտակավուն կեղևով ծառ է, բարձրությունը՝ մինչև 20 (երբեմն՝ 30) մ: Տերևները հերթադիր են, պարզ, ամբողջական, ատամնաեզր: Ծաղիկները կատվիկներ են: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղն ընկուզանման է, միասերմ: Կեչին ապրում է 50–80 տարի: ՀՀ-ում աճող տեսակները էկոլոգակենսաբանական առումով մոտ են միմյանց. լուսասեր են, ցրտադիմացկուն, հողի նկատմամբ՝ խիստ պահանջկոտ: Բազմանում է սերմերով ու մացառներով: Բնափայտն սպիտակ է, կիրառվում է նրբատախտակի, մանրատախտակի, ծանր իրերի արտադրության մեջ: Գեղազարդիչ է: Կեչու պտուղը պարունակում է աղաղանյութեր, եթերայուղեր, ճարպեր, C վիտամին: Պատրաստուկներն օգտագործվում են որպես լեղամուղ, ճիճվամուղ, վերքերն ապաքինող միջոց:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: