Հանրագիտարան

Կապար (բույս)

Կապարը կապարազգիների ընտանիքին պատկանող բույս է, որը կարող է ունենալ փշեր։ Հայտնի է կապարի 250-300 տեսակ, որոնք աճում են հիմնականում արևադարձային և մերձարևադարձային գոտիների չորային շրջաններում։

Ծննդավայը միջերկրածովյան տարածաշրջանն է։ Աճում է Հայաստանում, Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում, Հնդկաստանում, Միջին Ասիայում։ Կապար են կոչում նաև այս բույսի չծաղկած կոկոնները։ Օգտագործվում է կերակրի մեջ, ունի բուժիչ–ամրապնդող հատկություններ։

Բույսի նկարագրությունը

Բույսն ունի շատ ճյուղեր, ձվաձև կամ կլոր մսալի, փայլուն տերևներ։ Ծաղիկները խոշոր են, սպիտակ կամ սպիտակավարդագույն, բազմաթիվ առէջներով։ Պտուղն իրենից ներկայացնում է կարմրավուն պտղամսով պատիճավոր հատապտուղ։

Մշակումը
 
Կապարի մշակմամաբ զբաղվում են Արևմտյան և Հարավային Եվրոպայում, Ֆիլիպիններում, Հյուսիսային Աֆրիկայում (Մարոկկո), Հյուսիսային Ամերիկայում։ Նախկին Խորհրդային Միությունում արդյունաբերվում էր վայրի կապարը (Դաղստանում)։ Հարավային Եվրոպայում var. genuina (առանց փշերի) տեսակները տալիս են 0.5 - 3.0 կգ պտուղ մեկ բույսից։
 
Կերակրատեսակ
 
Հիմնականում օգտագործվում են առանց փշերի տեսակները։ Կոկոնները, պտուղները և ընձյուղները թթու են դնում քացախով և աղով և օգտագործում որպես համեմունք տարբեր ճաշատեսակների հետ։ Հասունացած պտուղներն ուտում են նաև հում վիճակում։
 
Դեղամիջոց
 
Ըստ Մխիթար Հերացու՝ հայ միջնադարյան բժշկության մեջ կապարի արմատների կեղևն օգտագործում էին ստամոքսի և լյարդի հիվանդությունների ժամանակ։ Հունական ժողովրդական բժշկության մեջ կապարի արմատներից և մատաղ ճյուղերից պատրաստված թուրմն օգտագործում են իբրև դեղամիջոց ռևմատիզմի դեմ։ Դաղստանում արմատների թարմ կեղևը դնում են թարախոտ վերքերի վրա, փոշիացրած վիճակում օգտագործում են ռևմատիզմի դեմ։ Կապարի մզվածքը մտնում էր լյարդի բուժման համար նախատեսված ЛИВ-52 դեղամիջոցի բաղադրության մեջ։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: