Հանրագիտարան

Ընկուզենի

Ընկուզենին տերևաթափ խոշոր ծառ է, որի բարձրությունը հասնում է մինչև 30 մ և ավելի, բնի տրամագիծը՝ մինչև 1,9 մ:

Բնի և բազմամյա ճյուղերի կեղևն անհարթ է՝ բաց մոխրագույն երանգով: Սաղարթը խիտ է, լայն, արմատային համակարգը՝ հզոր: Տերևները խոշոր են, բարդ, կենտփետրաձև, հոտավետ: Միատուն բույս է: Ծաղիկները միասեռ են, արականները ծաղկաբույլեր (կատվիկներ) են, իգականները (1 կամ 2-3-ական) գտնվում են միամյա ընձյուղների ծայրերին:

Ընկուզենին երկարակյաց է. ապրում է 300-400 տարի: Լավ աճում է չափավոր խոնավ, ավազակավային հողերում: Լուսասեր է և ջերմասեր, սակայն դիմանում է մինչև -25օC ցրտերին: Բազմանում է սերմերով և պատվաստի միջոցով: Պատվաստված ծառերի բերքատվությունն սկսվում է 8-10-րդ տարում և շարունակվում մինչև 150-200 տարի: Մեկ ծառը կարող է տալ 65-100 և ավելի՝ մինչև 250 կգ բերք:
 
Պտուղը
 
Պտուղը կորիզապտուղ է (ընկույզ), կեղևը՝ փայտացած, կարծր՝ արտաքինից ծածկված կանաչ, հյութալի պատյանով: Չհասունացած ընկույզից (հարուստ է C վիտամինով) պատրաստում են մուրաբա, հասուն սերմերն օգտագործվում են խոհարարական, հրուշակեղենի արտադրության մեջ և յուղ ստանալու համար: Ընկույզի կանոնավոր օգտագործումը լավացնում է հիշողությունը, վերականգնում առողջությունը՝ ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածության ժամանակ: Տերևներից, կեղևից և խակ պտղի կանաչ պատյանից ստանում են աղաղանյութեր, շագանակագույն ներկանյութ, եթերայուղեր: Ընկուզենու տերևներն ունեն միջատասպան հատկություն, որի պատճառը տերևներում պարունակվող յուգլոն ներկանյութն է: Յուգլոնն ազդում է նաև մարդկանց վրա. առաջացնում է գլխացավ և ընդհանուր թուլություն: Այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում երկար մնալ ընկուզենու մոտ:
 
Տարածվածություն
 
Աճում է Փոքր Ասիայում, Միջին Ասիայում, Բալկանյան թերակղզում, Իրանում, Ճապոնիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում: Հայտնի է ընկուզենու 7-9 տեսակ: ՀՀ-ում (Տավուշի մարզ, Լոռու մարզ, Արարատի մարզ, Վայոց ձորի մարզ, Սյունիքի մարզ և այլ մարզեր) և Ղարաբաղում տարածված է սովորական ընկուզենին (գրանցված է ՀՀ Կարմիր գրքում). աճում է քարքարոտ տաք լանջերին, այգիներում, գեղազարդիչ տնկարկներում:
 
Օգտագործում
 
Սերմը կամ միջուկը պարունակում է 45-72% ճարպեր, 8-21% սպիտակուցներ, վիտամիններ, մետաղական միացություններ, աղեր և այլ օգտակար նյութեր (100 գ միջուկը պարունակում է 6000 կալորիա): Շատ արժեքավոր է ընկուզենու ամուր, ճկուն, լավ հղկվող բնափայտը, որը կիրառվում է ատաղձագործության և շինարարության մեջ՝ բարձրորակ կահույք, նրբատախտակ և այլ արտադրանք պատրաստելու համար: Ընկուզենին օգտագործվում է նաև անտառապատման և կանաչապատման նպատակով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: