Հանրագիտարան

Արևածաղիկ

Արևածաղիկը բարդածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է: Նրան այլ կերպ նաև անվանում են արևերթիկ, արևելած ծաղիկ:

Եվրոպացիներն առաջին անգամ այդ բույսը տեսել են մեքսիկական պրերիաներում: 400 տարի առաջ նրանք այն բերեցին Եվրոպա և անվանեցին «արևի ծաղիկ»: Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 30) տեսակ: ՀՀ-ում մշակվում է յուղատու արևածաղիկը:

 

Արմատները հզոր են, ցողունը՝ կանգուն, կոպիտ, թավոտ, ոչ սնամեջ, բարձրությունը՝ մինչև 4 մ: Տերևները խոշոր են, սրտաձև, ծաղկաբույլը զամբյուղ է, պտուղը՝ սերմնապտուղ, որն օգտագործվում է որպես ուտելիք: Սերմերից ստանում են ձեթ, որն օգտագործվում է սննդի արդյունաբերության և օճառի, լաքերի-ներկերի արտադրության մեջ:
 
Արևածաղկի թափոնները (մղեղ, ցողուն, տերև, զամբյուղի մնացորդներ, սերմի կճեպ) օգտագործում են թուղթ, կաուչուկ, պոտաշ ստանալու համար, քուսպը լավորակ կեր է կովերի, ոչխարների, ձիերի, կտրատած և շոգեխաշած ցողունները՝ խոզերի համար:
 
Արևածաղիկն ունի նաև բուժական նշանակություն: Այն կասեցնում է կարծրախտի երևույթները, բարձրացնում արյունատար անոթների առաձգականությունն ու օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում լյարդի ճարպակալումը: Այն նաև մեղրատու է:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: