Առողջապահություն

Ճանաչիր քո օրգանիզմը

Մարմնի հենաշարժական ապարատի հենք հանդիսացող կմախքի ոսկրերն իրար միացնող շարակցահյուսվածքային փակեղների և կապանների միջոցով կազմված բազմաթիվ հոդերը բավարար չեն շարժումներ իրականացնելու համար:
Դրանց շարժման մեջ դնողը մկաններն են, որոնց որոշակի ուղղվածություն ունեցող մկանաթելերի խրձերի երկու ծայրերն ավարտվում են ամուր ջլերով: Լինելով հոդից դուրս՝ սրանք սերտաճած են հոդի կազմության մեջ մտնող ոսկրերի ծայրերին և մկանի կծկման ժամանակ հոդի վրայով սահելով որոշակի շարժում են ապահովում:
 
Այդ ընթացքում բազկոսկրի հետին երեսին գտնվող եռագլուխ տարածիչ մկանը թույլ է, իսկ երբ եռագլուխ մկանն է կծկվում, այն հետ է բերում նախաբազուկը`   ուղղելով ծալված հոդը: Այս գործողությունն արդեն ուղեկցվում է երկգլխանի ծալիչ մկանի թուլացմամբ:
 
Շարժում ապահովող յուրաքանչյուր մկան ունի իրեն հակառակ գործողություն կատարողը`   անտագոնիստը: Այս իրարամերժ շարժումների իրականացումը կատարվում է մկանների կազմության մեջ մտնող զգացող և ուղեղից եկած շարժման կամ արգելակման հրահանգ հաղորդող նյարդերի միջոցով:
 
Որոշ մկաններ և դրանց ջլերը բավական երկար են և մինչև ծայրային հեռակա ոսկրին հասնելն անցնում են մեկ կամ մի քանի հոդերի վրայով: Երբ մկանը կծկվում է, ճանապարհին այդ երկար ջլերը սահում են դրանց շարժումը զսպող ու ուղղորդող ամուր կապանների տակով: 
 
Այդպիսի մկաններ են ձեռքի ափը փակող և բռունցք դարձնող ու բացող, ինչպես նաև ոտքի թաթն ու մատները բարձրացնող և իջեցնող մկանախրձերն իրենց երկար ջլերով: Ձեռքի ափն ու մատները շարժող մկանախմբերը, որոնք սկիզբ են առնում նախաբազկից և վերջանում մատների ոսկրերի վրա, պատշաճ վարժանքի միջոցով կարողանում են նրբագույն շարժումներ իրականացնել:
 
Օրվա ընթացքում մեզ համար աննկատելիորեն, արդեն սովորական դարձած բազմաթիվ բարդ շարժումներ ենք կատարում կենտրոնական նյարդային համակարգի կոորդինացնող հատկության շնորհիվ: Օրինակ`   քայլելիս մարմնի բազմաթիվ մկաններ են մասնակցում, որոնք, կատարելով տվյալ պահին անհրաժեշտ ուժով, ռիթմով, սահունությամբ, համակցված գործողություններ, ապահովում են մարմնի հավասարակշռության և տեղաշարժման ներդաշնակ գործընթացը: 
 
Ակնհայտ է, որ երեխայի համար քայլել սովորելը երկարատև դանդաղ զարգացող, փոխհամակցված գործողությունների յուրացման և մշակման կարիք ունի, իսկ սպորտի տարբեր ձևերին տիրապետելը կամ պարարվեստում շարժումների գեղագիտական արտահայտչականության հմտություններ ձեռք բերելը տարիների ֆիզիկական, հոգեբանական մարզումներ են պահանջում:
 
Կենցաղում, առօրյա աշխատանքում, պատահարների ժամանակ տարբեր վնասվածքների հետևանքով որևէ նյարդի ամբողջականությունը խախտվելիս դադարում է տվյալ մկանի գործունեությունը: Մկանը ենթարկվում է ապաճման (ատրոֆիա), կորցնում է կծկվելու հատկությունը, դառնում անդամալույծ: 
 
Խոշոր նյարդի վնասման դեպքում տեղի է ունենում ամբողջ մարմնամասի անդամալուծում: Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են նրա մարմնի զանգվածի 40%-ը, իսկ նորածիններինը և փոքր երեխաներինը`   20-25%-ից ոչ ավելի: 
 
Մկանային համակարգի խնամքը, նրա կոփումը և զարգացումը հասարակության առողջության և կյանքի որակը բարելավող ամենակարևոր գործոններից է: Վաղուց հայտնի «Շարժումը կյանք է» կարգախոսն այսօր ոչ միայն աճող սերնդի, այլ նաև տարեցների համար թերշարժունակությունից խուսափելու միջոցով առողջությունն ու երկարակեցությունն ապահովող կարևոր կենսական խնդիր է:
 
Հեղինակ՝ Մարտունի Մուրադյան 
Աղբյուրը՝ Առողջապահություն
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: