Առողջապահություն

Ոտքերը հատուկ խնամքի կարիք ունեն Խորհուրդ է տալիս մասնագետը

Ոտքերի վիճակը ոչ միայն առողջության, այլև լավ ինքնազգացողության գրավական է: Տարեց մարդիկ հիշում են, որ Հայաստանի գյուղերում տարածված սովորություն կար. երկար ճանապարհից վերադարձածի ոտքերը տաք ջրով լվանանում էին: Իրոք, սա առողջարար, հոգնածության զգացումը վերացնող, նյարդերը հանգստացնող և թարմացնող ավանդական միջոց է:

 

Ոտքերի քրտնելու տհաճ երևույթից, անհարմարությունից և հնարավոր բարդություններից խուսափելու համար հարկ ենք համարում կրկին անդրադառնալ ոտքերի խնամքի հարցին: Սա կարևոր է հատկապես սնկային հիվանդություններով, շաքարային դիաբետով և մաշկային այլ ախտերով տառապողների համար: Ստորև տրվող խորհուրդների կատարումը կօգնի ոտքերի մաշկը զերծ պահել տարբեր ախտահարումներից և կանխել դրանց հետևանքով առաջացող, երբեմն երկարատև և դժվար բուժվող բարդությունները:

 

Անհրաժեշտ է հիշեցնել, որ, օրինակ, շաքարային դիաբետով հիվանդների ոտքերի մաշկի նույնիսկ փոքր վերքերն ու վնասվածքները կարող են վարակի երկարատև գործող օջախների առաջացման պատճառ դառնալ: Ոտքերի հյուսվածքները սնող արյունատար անոթների նյարդային վերջույթների ախտահարման հետևանքով վերքերի ապաքինումը երկար ժամանակ է պահանջում: Նման վիճակներից խուսափելու համար խորհուրդ է տրվում.

 

  • լողանալուց, ոտքերը լվանալուց հետո մաշկը լավ չորացնել և ուշադիր զննել այն`   հայտնաբերելու համար եղած փոքր վերքերը,
  • չոր կամ ճաքճքած մաշկը մշակել մանրէասպան որևէ քսուքով,
  • շաքարախտով հիվանդներին`   ոտքերի եղունգների պեդիկյուր չանել,
  • ճիշտ ընտրել կոշիկը, ամռան ամիսներին խուսափել բոթասներ, ռետինե տակով ոտնամաններ հագնելուց: Նոր կոշիկները պետք է հարմարավետ լինեն, փոքր-ինչ ընդարձակ, խորհուրդ չի տրվում առաջին օրերին երկարատև հագնել`   մեխանիկական և քիմիական գրգռումներից խուսափելու համար,
  • լողավազանից, հյուրանոցի և սպորտդահլիճի լոգարանից կամ հասարակական բաղնիքից օգտվելուց հետո, տուն վերադառնալով`  անմիջապես ոտքերը խնամքով լվանալ, նախապես չափելով ջրի ջերմաստիճանը: Քանի որ նյարդային վերջույթների թերսնուցման և հյուսվածքների հետաճի դեպքում օրգանիզմը կորցնում է ջերմություն զգալու հատկությունը, ուստի առկա է լինում այրվածքների առաջացման վտանգը: Դրանից խուսափելու համար պետք չէ նաև տաք շշերը և ջեռոցները առանց պաշտպանող ծածկոցների դնել սառը ոտքերին: Տաքացնելու համար օգտագործվող շշերի ջուրը չպետք է լինի եռման աստիճանի: Լողանալուց անմիջապես հետո եղունգները կտրեք ուղիղ (անկյունները չկտրել),
  • խուսափել ոտաբոբիկ ման գալուց, սեղմող, ծալքերով ռետինե գուլպաներ հագնելուց, ավելի հարմար են բամբակյա ոչ կոշտ գուլպաները,
  • ոտքի կոշտուկները չկտրել սուր գործիքով: Այժմ դրանք հեռացնելու համար կան հատուկ հարմարանքներ, կարելի է օգտագործել նաև պեմզայի քար,
  • հնարավոր է, որ արյան շրջանառության տևական խանգարման հետևանքով ոտքի վրա խոց առաջանա կամ անզգայանա նրա որևէ հատվածը: Այս դեպքում արտահիվանդանոցային բուժումն անհնար է, և հարկ է լինում ինտենսիվ միջոցներ ձեռնարկել`   ախտահարված հյուսվածքների հետագա մեռուկացումը կանխելու համար,
  • ոտքերի մաշկի ուժեղ քրտնելու, տհաճ հոտի դեպքում օգտվել ֆորմհիդրոնի լուծույթից (քսել երեկոները`   մի քանի օր) և այլ միջոցներից,
  • եթե ընտանիքի անդամներից մեկը ունեցել է ոտնաթաթերի կամ այլ տեղամասերի սնկային ախտահարում, հիվանդության կանխարգելման համար մյուս անդամներն անպայման պետք է հետազոտվեն:

 

Վերը նշված նախազգուշական միջոցները ձեռնարկելու դեպքում ոտքերի հետ կապված խնդիրներ չեք ունենա:

 

 


Հեղինակ. Էդուարդ Դանիելյան պրոֆեսոր, «Հելիոս» դերմատոկոսմետոլոգիական կենտրոնից
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2010 (287)

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: