Առողջապահություն

Կերակրափող և ստամոքս

Կերակրափողը կամ որկորը (նկար Ա) փափուկ հյուսվածքներից կազմված նեղ, երկար (մոտ 25 սմ) խողովակ է, որով անցնում է կերակուրը ըմպանից մինչև ստամոքս: Այն սկսվելով ըմպանից պարանոցային ողների առջևով և շնչափողի հետին պատին հպվելով`   իջնում է կրծքավանդակով ցած ողնաշարի առջևով, ծակում ստոծանին և նրա տակ լայնանալով`   դառնում է ստամոքս:

 

Կերակրափողն ունի երեք նեղացումներ, որոնցից առաջինը գտնվում է սկզբնական մասում, երկրորդը`   շնչափողի երկատման տեղում, երրորդը`   ստոծանու միջով անցնելու օղում: Այստեղով կերակրափողի հետ կողք-կողքի, կրծքավանդակից որովայնի խոռոչ է իջնում նաև գլխավոր զարկերակը`   աորտան:

 

 

 

 

Նկար Բ. Կերակրափողի լայնակի կտրվածքը

 

1. մկանային շերտ  2. լորձաթաղանթ

3. արտաքին շերտ  4. ենթալորձային շերտ

 

   
  1. ըմպան
  2. աորտայի աղեղ
  3. շնչափողի երկատում
  4. կերակրափող
  5. ստամոքսի հատակ
  6. ստամոքսի մարմին
  7. մեծ կորություն
  8. տասներկումատնյա աղիք
  9. փոքր կորություն
  10. ստոծանի
  11. աորտա
  12. բարակ աղիք

 

Նկար Ա. Կերակրափող

  և ստամոքս

   

 

Կերակրափողը պասիվ խողովակ չէ. այն իր պատի հիմնական հաստությունը կազմող մկանային շերտի (նկար Բ) ակտիվ կծկումների շնորհիվ կերակրագունդը մղում է դեպի ստամոքս: Նրա լորձաթաղանթը կազմված է բազմաթիվ երկայնաձիգ ծալքերից, որոնք կերակրագնդի անցման ժամանակ կերակրափողին լայնանալու հնարավորություն են տալիս:

 

Բերանի խոռոչում սննդանյութը մեխանիկական և քիմիական որոշակի փոփոխությունների ենթարկվելուց հետո անցնում է ստամոքս, մնում 6-8 ժամ, ապա, աստիճանաբար, առանձին բաժիններով անցնում 12-մատնյա աղիք:

 

Լինելով մարսողական խողովակի լայնացած մասը, ստամոքսը կատարում է նաև պահեստի դեր`   իր մեջ կուտակելով մեծ քանակությամբ սննդանյութ: Այն գտնվում է որովայնի խոռոչի վերին մասում, ստոծանու ձախ գմբեթի տակ (նկար Ա): Առջևից նրան ծածկում են աջ կողմից`   լյարդը, ձախից`   կողերը: Ստամոքսի ձևը և տարողությունը փոփոխական են, կախված նրա լցվածության աստիճանից: Ստամոքսն ունի առաջային և հետին պատեր ու երկու եզրեր, որոնք կոչվում են կորություններ (նկար Ա և Գ), ինչպես նաև մուտք և ելք, որոնց միջին մասը ստամոքսի մարմինն է: Մուտքից դեպի վեր`   մինչև ձախ գմբեթաձև մասը, կոչվում է հատակ կամ թաղ:

 

 

Նկար Գ. Ստամոքսի ներքին կառուցվածքը Նկար Դ. Ստամոքսի մկանային շերտերը
  1. կերակրափողի ստամոքսային հատված
  2. ստամոքսի գագաթ
  3. հիմք
  4. մարմին
  5. մեծ կորություն
  6. փոքր կորություն
  7. ելքի սեղման
  8. լորձաթաղանթի ծալքեր
  9. 12-մատնյա աղիք

1, 2, 3. երկայնաձիգ մկաններ

4, 5, 6. շրջանաձև մկաններ

7. շեղ մկաններ

 

Կլինիկական տեսակետից մեծ նշանակություն ունի ռենտգենաբանական հետազոտությամբ ստամոքսի ձևի և դիրքի ուսումնասիրումը: Ուղղաձիգ դիրքով կանգնած մարդու ստամոքսը մեծ մասամբ լինում է կարթաձև, հազվադեպ նաև`   եղջյուրաձև (հորիզոնական) ու գուլպայաձև (ուղղաձիգ դիրքով):

 

Ստամոքսը ներսից պատող լորձաթաղանթը նույնպես բազմաթիվ ծալքեր ունի: Այն ունի նաև այսպես կոչված ստամոքսային դաշտեր, որոնցում գտնվող  փոսիկներում  բացվում  են ստամոքսահյութ արտադրող գեղձերը: Մարմնի ու հատակի շրջանում գտնվող գեղձերն արտադրում են աղաթթու և մարսողությանը նպաստող ֆերմենտներով հարուստ լորձ:

 

Ստամոքսի հարթ մկաններից կազմված մկանաշերտի թելերը տարբեր ուղղություններ ունեն (նկար Դ): Դրանք ապահովում են ստամոքսի տարատեսակ կծկումները: Օղակաձև մկանաթելերը ստամոքսաելքում հաստանալով, կազմում են ելքի սեղմանը (սֆինկտեր), իսկ լորձաթաղանթն առաջացնում է շրջանաձև ծալք, որը ստամոքսի ելքի փականն է: Սրանք ստամոքսաելքի անցքը փակ են պահում այնքան ժամանակ, մինչև ստամոքսում ավարտվում է մարսողության պրոցեսը:

 

Մարսողության ապահովման գործում կարևոր դեր է կատարում ստամոքսահյութը, որն անգույն, թափանցիկ, խիստ թթու ռեակցիայով հեղուկ է, պարունակում է մոտավորապես 0,5 տոկոս աղաթթու: Վերջինով ստեղծված թթվային միջավայրն ակտիվացնում է ֆերմենտների գործունեությունը, խթանում ստամոքսի կծկումները, ինչպես նաև ունենում մանրէասպան ներգործություն: Ստամոքսահյութում եղած ուժեղ ֆերմենտների (պեպսին, խիմոզին, գաստրիքսին, ռենին, լիպազա և այլն) ազդեցությամբ սպիտակուցներն ու ճարպերը տարրալուծվում և տրոհվում են ավելի փոքր մոլեկուլների:

 

Օրվա ընթացքում մարդու ստամոքսում արտադրվում է 1,5-2,5 լ ստամոքսահյութ: Նրա այդքան մեծ քանակության շնորհիվ կերակրանյութը վերածվում է ջրալի խյուսի: Դատարկ ստամոքսում սովորաբար հյութ չի արտադրվում: Հյութազատության բնույթը, հյութի քանակը և բաղադրությունը պայմանավորված են սննդի տեսակով, որակով ու չափով: Ամենաշատ ստամոքսահյութ արտադրվում է միսը, մսեղենը, ավելի քիչ`   կաթը, կաթնամթերքը և ամենաքիչը`   հացը մարսելու համար:

 

Սննդամթերքի բնույթի հետ կապված`   ստամոքսում հյութազատության ժամանակի տևողությունը նույնպես տարբեր է լինում. օրինակ, 

600 գ կաթի մարսման համար հյութազատության տևողությունը կազմում է 6 ժամ, 200 գ մսինը`   8, իսկ 200 գ հացինը`   10 ժամ: Ինչպես տեսնում ենք, ամենաերկարատև հյութազատությունը հացն է առաջացնում:

 

Հյութամղիչ ուժեղ ներգործությամբ աչքի են ընկնում հատկապես մսի և բանջարեղենի թուրմանյութերը, որոնք անջատվում են ջրում եռացնելիս: Դրա համար էլ մեծ է հեղուկ կերակրատեսակների նշանակությունը սննդամթերքի մարսման գործընթացում:

 

Ճարպեր ընդունելիս սկզբում ընկճվում է հյութազատությունը, նվազում թթվայնությունը, և առատ հյութարտադրություն է սկսվում միայն մի քանի ժամ հետո:

 

Ստամոքսահյութի արտազատումն սկսվում է ոչ միայն ուտելու ժամանակ, այլև ուտելիքը տեսնելիս ու հոտը զգալիս, դա պայմանական ոեֆլեքս է:

 

Ստամոքսում սննդամթերքի շաղախված խյուսը կծկումների շնորհիվ շարժվում է դեպի ստամոքսաելք: Երբ բացվում է վերջինիս սեղմանը, ստամոքսի պարունակությունն անցնում է 12-մատնյա աղիք, որտեղ միջավայրը հիմնային է: Սեղմանի բացվելն ու փակվելը կարգավորվում է քիմիական ու մեխանիկական մի շարք գործոններով, որոնցից ամենակարևորն աղաթթուն է:

 

Դատարկ ստամոքսը նույնպես պարբերաբար`   60-80 րոպեն մեկ կծկվում է, որը տևում է 10-15 րոպե: Ենթադրվում է, որ հենց այդ կծկումներն են քաղցի զգացում առաջացնում:

 

Ստամոքսի հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.

 

  • սնվել ռեժիմով,
  • ուտելիս չշտապել և ուտելիքը լավ ծամել,
  • խուսափել երկար ժամանակ (6-8 ժամ) քաղցած մնալուց,
  • կերակուրն ուտել գոլ վիճակում,
  • ճաշելուց անմիջապես հետո (հատկապես, երբ սնունդը ճարպոտ է) սառը ջուր չխմել,
  • չօգտագործել խիստ սառը խմիչքներ, 
  • խուսափել չափից ավելի կծու, թթու, այրող, աղի կերակրատեսակներ ու ոչ թարմ սննդամթերք ընդունելուց,
  • հրաժարվել ստամոքսի լորձաթաղանթի վրա կործանարար ներգործություն ունեցող վատ սովորությունից`   ծխելուց (հատկապես խոցային հիվանդության ժամանակ), 
  • քաղցած վիճակում սուրճ չխմել և ընդհանրապես այն չչարաշահել:

 

 


Հեղինակ. պրոֆ. Մարտունի Մուրադյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2009
 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: