Առողջապահություն

Եղի´ր երջանիկ

Ուրախություն երբեմն պարգևում են մանր, աննշան իրադարձությունները: «Մարդը ծնվել է երջանկության համար, ինչպես թռչունը թռչելու»: Արդյո՞ք երջանկությունը մեզ տրված է «ըստ ճակատագրի», թե՞ կարելի է սովորել լինել երջանիկ:

Ի՞նչ է երջանկությունը...

Երջանկությունը մայր, ծնող լինելն է, մասնագետ դառնալը, բարեկեցիկ կյանքով ապրելը, համերաշխ ընտանիք ու լավ ընկերներ ունենալը, արվեստին հաղորդակից լինելը: Ճիշտ են ասում`   ուզում ես երջանիկ լինել, եղի՛ր այդպիսին:
 
Մենք մշտապես սպասում ենք երջանկությանը և մեր առջև խնդիր ենք դնում`   այ կավարտեմ համալսարանը…, կամուսնանամ…, երեխա կունենամ…, բնակարան կգնեմ…, նոր կահույք կունենամ…: Հիշենք, սակայն, որ երեխա ժամանակ մենք երջանիկ էինք առանց պատճառի:
 
Հոգեբանները համոզված են, որ երջանկության զգացումը մարդու հոգեկան աշխարհի վիճակն է, որի պատճառը կարող է լինել ամենատարբեր ապրումները և նույնիսկ առաջին հայացքից մանր, աննկատ իրադարձությունները: Քչերն են մտածում, որ շնչելը, քայլելը, ուղղակի ապրելն արդեն իսկ երջանկություն է: 
 
Այսօր կան ավելի կարևոր խնդիրներ, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել: Այդպես էլ ձևավորվում են «դժբախտ» մարդիկ, այսինքն՝ նրանք, ովքեր ուրախությունն ուղղակի չեն նկատում: Կան իրավիճակներ`   պատերազմ, բնական աղետներ, երբ մարդը կորցնում է հարազատներին, տունը, երբ նա և նրա ընտանիքը գտնվում են ծայրահեղ անմխիթար վիճակում:
 
Դրանք, թվում է`   անհամատեղելի են երջանկության հետ: Բայց, զարմանալիորեն, հենց այդ ծայրահեղ պայմաններում է մարդ հանկարծ հասկանում, թե որքան երջանիկ է եղել նախկինում, թե որքան խորն է եղել իր սերը հարազատների, սեփական օջախի նկատմամբ: Հարկ է գնահատել ունեցած երջանկությունը, ուրախանալ ամեն ապրած օրվա համար:
 
Հեղինակ՝ Աիդա Հովնանյան 
Աղբյուրը՝ Առողջապահության լրատու 8-9-2012
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: