Հանրագիտարան

ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

1935թ. ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղին (ԱրմՖԱՆ) կից հիմնադրվել է Կենտրոնական գրադարանը։

1943թ. Կենտրոնական գրադարանը գործել է որպես ՀՀ ԳԱԱ նախագահության ենթակայության ինքնուրույն ակադեմիական հաստատություն`   հիմնարար գիտական գրադարանով (ՀԳԳ, որն իր ֆոնդերի ծավալով Հայաստանի խոշորագույն գիտական գրադարանն է, գիտական տեղեկատվության կենտրոնը)։

1944թ. ՀԽՍՀ ԳԱ նախագահությունը հաստատել է Կենտրոնական գրադարանի առաջին Գրադարանային խորհրդի կազմը, որի մեջ ընդգրկվել են անվանի գիտնականներ Վ. Հ. Համբարձումյանը (նախագահ), Կ. Ն. Ժաֆֆենհոլցը, Կ. 
Ծ. Տրեվերը, Ս. Սարգսյանը, Ա. Գ. Արարատյանը, Ռ. Կ. Կարախանը, ինչպես ևգրադարանային գործի հմուտ մասնագետներ Ե. Ի. Կոչուբինան (գրադարանի վարիչ),  Ա. Խ. Բաբայանը, Լ. Բ. Մելքումյանը և Վ. Ն. Կարմենյանը։
1944թ. նոյեմբերի 10-ին ՀԽՍՀ ԳԱ նախագահությունը որոշում է ընդունել վերակազմավորել Կենտրոնական գրադարանը և անվանել ՀԽՍՀ ԳԱ Ֆունդամենտալ գրադարան`   1957թ. դասվելով 3-րդ կարգի գիտական հիմնարկությունների խմբին,  իսկ 1986թ.`   առաջին կարգի գրադարանների շարքին։
 
1965թ. այստեղ ստեղծվել է առաջին անհատական ֆոնդը`   պրոֆ. Համազասպ Համբարձումյանի անձնական գրադարանի նվիրատվության հիման վրա։ Այժմ գրադարանում պահպանվում են հայ գիտության և մշակույթի երախտավորների
անձնական գրադարանների 27 անհատական ֆոնդեր, որոնք առանձնանում են հատկապես մասնագիտական բացառիկ հրատարակություններով։ Գրադարանի ընդհանուր միավորների քանակը շուրջ 3 մլն է`   բնական, տեխնիկական և հումանիտար գիտությունների վերաբերյալ գրականություն։ ՀԳԳ-ն իրականացնում է նաև ԳԱԱ համակարգի գիտական հիմնարկների մասնագիտացված-ճյուղային գրադարանների մեթոդական ղեկավարությունը և գործունեության համակարգումը։ Այժմ համակարգում գործում են 30 ակադեմիական գրադարաններ, որոնք իրենց ֆոնդերում ունեն շուրջ 1,2 մլն գրադարանային միավոր և սպասարկում են շուրջ 5 հազար ընթերցողի։ Գրքային այս ողջ հարստությունը
լայնորեն ի սպաս է դրված գրադարանի 16200 ընթերցողներին աբոնեմենտի ծառայության և 5 մասնագիտացված ընթերցասրահների միջոցով։
 
2002թ. ՀԳԳ-ն հանրապետության մի շարք խոշոր գրադարանների հետ մասնակցել է «Հայկական միացյալ գրադարանային ավտոմատացված ցանցի» համալիր ծրագրի իրականացմանը, և 2003թ. մայիսից սկսվել է ՀԳԳ-ի գրքային ֆոնդի մատենագիտական էլեկտրոնային գրառումների մուտքագրումը։
2005թ. հոկտեմբերի տվյալներով`   ՀԳԳ մատենագիտական տվյալների շտեմարանն արդեն իսկ ուներ շուրջ 105.000 միավոր։
2003թ. ՀԳԳ-ի անմիջական նախաձեռնությամբ հիմնվել է Հայաստանի էլեկտրոնային գրադարանների www.elca.am ցանցը, որն իրականացնում է ինչպես ՀՀԳԱԱ, այնպես էլ ողջ հանրապետության գիտահետազոտական հիմնարկների և
մասնագետների գրադարանա-մատենագիտական և գիտատեղեկատվական սպասարկումը։
 
Հասցե`   Մ. Բաղրամյան պող. 24/6
Հեռ.`   52-47-50
Կայք`   www.flib.sci.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: