Հանրագիտարան

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը մանուկների և պատանիների գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայություններն իրականացնող, ինչպես նաև հանրապետության մանկական գրադարանների գիտամեթոդական և գրադարանագիտական կենտրոն է:

Գրադարանի ընթերցողներն են նախադպրոցական տարիքից մինչև 18 տարեկան երեխաները և պատանիները, ինչպես նաև մանկավարժներ, ծնողներ, մանկական գրականության ընթերցանությունը կազմակերպողներ: Գրադարանի հավաքածուի գրքերը, երաժշտական և օտարալեզու գրականությունն ու տեսալսողական նյութերը ընթերցողներին տրամադրվում են են`   ըստ տարիքային առանձնահատկության տարանջատված սրահների առձեռն ֆոնդերի միջոցով: Էլեկտրոնային տեղեկատվության բաժնում ընթերցողը կարող է օգտվել Ինտերնետի ռեսուրսներից: Ձայնադարանում տարբեր ժանրերի երաժշտությունը կարելի է ունկնդրել խմբով կամ անհատական եղանակով: Ընդհանուր ընթերցասրահը, որն ունի մոտ 100 տեղ, սպասարկում է տարբեր տարիքի երեխաների, նաև`   ուսանողների և մանկավարժների: Այստեղ կարող են օգտվել օրվա մամուլից, տեղեկատու-հանրագիտարանային հարուստ հավաքածուից, արվեստի և գիտության տարբեր ճյուղերին վերաբերող գրականությունից, ամսագրերից, ալբոմներից: Փոքրիկ ընթերցողների համար գրադարանում գործում է հեքիաթի սրահ: Կրտսեր, միջին և բարձր տարիքի դպրոցականների համար մշտապես կազմակերպվում են գրքերի տեսություններ, շնորհանդեսներ, ցերեկույթներ, վիկտորինաներ, ցուցահանդեսներ, հանդիպումներ գրողների և արվեստագետների հետ, էլեկտրոնային հեռակապի միջոցով ձեռնարկվող հեռուստակամուրջներ: Գրադարանում գործում են Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտի հետ համագործակցության շրջանակներում հիմնադրված "Գերմանական ընթերցասրահը" և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության և Իրանի մշակույթի զարգացման մանկական կենտրոնի հետ համատեղ բացված Իրանական ընթերցասրահը: Ըստ ընթերցողների տարիքային առանձնահատկությունների և հետաքրքրությունների՝ գրադարանում գործում են տիկնիկագործների, ասմունքի և թատերական, ասեղնագործության, հյուսքի և գոբելենի, համակարգչային ուսուցման խմբակներ և նկարչական ստուդիա:

Հասցե`   Երևան, Տերյան 42/1 
Հեռախոս՝ (+374) 10 52-12-22
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: