Առողջապահություն

Չիչխան՝ ոսկե ծառ երկարակեցության համար

Չիչխանի (облепиха) կամ ոսկե ծառի պտուղները հատկապես օգտակար են գարնանային ավիտամինոզի ժամանակ: Շնորհիվ վիտամինների, կենսաբանական ակտիվ նյութերի և միկրոտարրերի պարունակության չիչխանն օրգանիզմի վրա ընդհանուր ամրացնող, տոնուսավորող ազդեցություն ունի, նպաստում է սպիտակուցային, ածխաջրատային, ճարպային փոխանակություններին:
Չիչխանը ծաղկում և պտղակալում է ամեն տարի: Բավականաչափ ցրտադիմացկուն է, լուսասեր, դիմացկուն է կայուն շոգի նկատմամբ, իսկ հողի հանդեպ առանձնապես պահանջկոտ չէ: Բազմանում է սերմերով, վեգետատիվ եղանակով և մերձարմատային շյուղերով:
 
Բուժման նպատակով օգտագործվում են բույսի պտուղներն ու սերմերը, դրանցից ստացվող յուղը, որոշ դեպքերոում նաև տերևները: Պտուղները հավաքում են ձմռանը, երբ դրանք սառչում են ու ձեռք են բերում հաճելի թթվահամություն:
 
Պտուղներն իրենց համը և բուժական հատկանիշները պահպանում են նույնիսկ սառած վիճակում: Տերևները հավաքում են ամբողջ սեզոնի ընթացքում, չորացնում հով տեղում: Դեղաբույսը համընդհանուր ճանաչում է ձեռք բերել իր գորշ կարմրավուն, յուրահատուկ համով ու հոտով յուղի շնորհիվ, որի պահանջը  չափազանց մեծ է: 
 
Չիչխանի յուղը հայտնի է վերքերն ապաքինող, հակաբորբոքային հատկություններով: Այն օգտագործում են այրվածքների բուժման, հակալնդախտային, ցավազրկող, մազերն ամրացնող, մաշկային որոշ հիվանդությունների ապաքինման համար:
 
Յուղը խթանում է բոլոր տեսակի վերքերի գրանուլացիան և էպիթելիզացիան, վերացնում ցավը, արագացնում բուժման ընթացքը: Այն ցուցված է ցրտահարության, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, օրգանիզմի ճառագայթային ախտահարումների բուժման համար: 
 
Պտուղներից պատրաստված եփուկն օգտակար է ստամոքսաաղիքային ուղու հիվանդությունների ժամանակ: Սերմերից պատրաստված եփուկն օժտված է հիանալի լուծողական հատկությամբ, սակայն ճյուղերի և տերևների եփուկը միանգամայն հակառակ ազդեցություն ունի և օգտագործվում է լուծի ժամանակ:
 
Պտուղների և տերևների եփուկն օգտակար է  մազաթափության և ճաղատության, ինչպես նաև ռևմատիզմի և պոդագրայի ժամանակ: Տերևներից և մատղաշ ընձյուղներից եփուկ պատրաստելու համար 1 ճաշի գդալ մանրացրած հումքը 10 րոպե եռացնում են 1 բաժակ ջրում, ապա հովացնում ու քամում, ըմպում 1-ական ճաշի գդալ օրական 3 անգամ:
 
Հեղինակ՝ Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր՝ Առողջապահության լրատու
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: