Հանրագիտարան

Միխայիլ Գորբաչով

Միխայիլ Գորբաչովը ծնվել է 1931թ.-ի մարտի 2-ին Ստավրոպոլի երկրամասում՝ գյուղացու ընտանիքում: 1952թ. անդամագրվել է ԽՄԿԿ-ին: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1967թ.՝ Ստավրոպոլի գյուղատնտեսական ինստիտուտը: Ընտրվել է ԽՄԿԿ Ստավրոպոլի քաղկոմի 1-ին քարտուղար, ապա ԽՄԿԿ Ստավրոպոլի երկրամասային կոմիտեի 2-րդ, 1970թ.՝ 1-ին քարտուղար, ԽՄԿԿ կենտկոմի քարտուղար: 1989-1990թթ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահն է եղել:

Գորբաչովի նախաձեռնությամբ 1985թ.-ից ԽՍՀՄ-ում սկսվել է այսպես կոչված վերակառուցման քաղաքականությունը, որի հիմնական ուղղություններն էին հասարակական կյանքի ժողովրդավարացումը, տնտեսական վերափոխումները, միջազգային անվտանգության ամբողջական համակարգի ստեղծումը: Գորբաչովի ջանքերով բարեփոխվել է միջազգային իրադրությունը. 1989թ.-ին քանդվել է «Բեռլինի պատը», և 1990թ.-ի հոկտեմբերին վերամիավորվել են գերմանական 2 պետությունները:

 
1980-ական թվականների վերջերին և 90-ական թվականների սկզբին վերակառուցման իրագործման անհետևողականության, գործադրվող միջոցների սահմանափակության պատճառով առաջացել են նոր, բարդ ու հակասական գործընթացներ, սրվել են ազգամիջյան հարաբերությունները և հակասությունները ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների ու հանրապետությունների միջև, ավելի է խորացել ճգնաժամը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:
 
1991թ.-ի օգոստոսյան ճգնաժամի ժամանակ Ռուսաստանում ԽՄԿԿ-ի գործունեության դադարեցումից հետո Գորբաչովը հրաժարվել է գլխավոր քարտուղարի պաշտոնից, իսկ 1991թ.-ի դեկտեմբերին ԽՍՀՄ-ը փլուզվել է, և այլևս գոյություն չունեցող պետության նախագահ Միխայիլ Գորբաչովն ստիպված հրաժարական է տվել նաև այդ պաշտոնից:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: