Հանրագիտարան

Գեղարդի վանք

Գեղարդի վանքը Հայաստանի հնագույն վանքերից է, որն իր մեջ ներառում է երկհարկանի քարակերտ տաճարներ ու կից եկեղեցի: Այն գտնվում է Երևանից հարավ-արևելք, երեսունհինգ կիլոմետր հեռավորությաև վրա, տեղադրված է Ազատ գետի վերին հոսանքում՝ նրա աջ ափին, պատմական Գեղարդաձորում։ Պարսպապատերից դուրս արևմտյան կողմում գտնվող կիսով չափ ժայռակոփ փոքրիկ մատուռը վանքի ամենահին հուշարձանն է, որի պատի վրա փորագրված են նվիրաբերական մի քանի արձանագրություններ, այդ թվում՝ նաև 12-րդ դարի (1177, 1181 թթ.)։

Շինությունը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։

Գեղարդի վանքը միջնադարյան Հայաստանի հանրահռչակ վանքերից մեկն է, մեր յուրօրինակ հնություններից մեկը։ Ըստ ավանդության՝ հիմնադրվել է քրիստոնեությունր Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (4-րդ դարի սկիզբ)։ Վանքի հիմնադրումը վերագրել են Գրիգոր Լուսավորչին։ Գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ արևմտյան ճակատի մուտքի վիմագիր արձանագրության, կառուցվել է 1215 թ՝ Զաքարյանների օրոք։ 13-րդ դարում Պռոշ իշխանը այն գնում է Զաքարյաններից և կառուցում վիմափոր շենքերը (ճարտարապետ Գալձագի գլխավորությամբ):

Առավել ստույգ տեղեկություններ է հաղորդում Հովհաննես կաթողիկոսի պատմագիրը (9 - 10-րդ դար)։ 10-րդ դարի առաջին քառորդում պատմիչը արաբների հալածանքից խույս տալու նպատակով Դվինից գալիս է Գեղարդ (Այրիվանք) և այդտեղից անցնում Սևանա կղզի։ Արաբական մի գունդ, հետապնդելով նրան, հարձակվում է Այրիվանքի վրա, կոտորում միաբաններին, ավերում վանքի կառուցվածքները և կողոպտում հարստությունը։ Վանքը ժայռափոր կառույցների բարդ համալիր է՝ կազմված գլխավոր տաճարից, երկու գավիթներից և երկու եկեղեցիներից, ունի նաև մի շարք խուցեր և դամբարաններ։ Ժայռափոր շինության մուտքը, ներսի պատերն ու սյուներր զարդարված են գեղեցիկ քանդակներով։ Տեղանքին յուրօրինակ գրավչություն ու վեհություն են տալիս վանքը շրջապատող բարձրաբերձ քարաժայռերը։

Միջնադարյան Հայաստանի հոգևոր ու մշակութային կենտրոններից էր։ Կար դպրոց, գրադարան, գրչատուն և այլն։ Այստեղ են ապրել ու ստեղծագործել պատմիչներ Մխիթար Այրիվանեցին և Սիմեոն Այրիվանեցին, որոնք մեծ աշխատանք են ծավալել գրչության արվեստի զարգացման բնագավառում։ Դպրոցն ունեցել է հարուստ մատենադարան։ Մեզ են հասել հայերեն շատ ձեռագրեր, որոնց մի մասը պահվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում։ Վանքը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, բայց եղել է անմատչելի, Գեղամա լեռներն էլ՝ նրան հուսալի պաշտպան։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: