Հանրագիտարան

Ջիվան Աբրահամյան

ՀՀ ազգային բանակի կազմակերպիչներից: Զոհվել է 20.07.1991թ. Շահումյանի շրջանի Վերինշեն ավանի պաշտպանության ժամանակ:

 

Ջիվան Աբրահամյանը ծնվել է 1961թ. հուլիսի 6-ին Երևանում: Ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում`   Աֆղանստանում, և պարգևատրվել Արիության մեդալով:
 
 ՀՀ ՆԳՆ Հատուկ գնդի 1-ին վաշտի հրամանատար է եղել: Ակտիվորեն մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի, Տավուշի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի և ԼՂՀ Շահումյանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: 
 
1991թ. ամռանը մեկնել է Շահումյան: Խորհրդային բանակի աջակցությամբ ադրբեջանական օմոնը մտավ Բուզլուխ և Մանաշիդ: Չնայած ուժերի անհամեմատելի գերակշռությանը`   չհամարձակվեց Էրքեջ մտնել, որովհետև վախենում էր Բուզլուխի և Մանաշիդի անտառապատ փեշերից սպասվող հարվածներից: Ջիվանը, դիրքից դիրք և զինվորից զինվոր անցնելով, ղեկավարում էր մարտը: Նման կազմակերպված դիմադրությունը խուճապի մատնեց ադրբեջանցիներին: 
Ջիվանը կազմակերպեց օղակված գյուղից դուրս գալը և Վերինշենից դեպի Բուզլուխ, Մանաշիդ և Էրքեջ ձգվող Ճանապարհների խաչմերուկին նոր դիրքեր գրավելը: Նա ընկերների հետ դիրքավորվեց Շամփրապտուկի բարձունքը տանող ճանապարհին, փակեց այն: Նպատակ ունենալով գրավել բարձունքը`   թշնամին հարձակման անցավ:
 
1991թ. հուլիսի 20-ին Ջ.Աբրահամյանը Նիկոլայ Հայրապետյանի և Վարդան Տերտերյանի հետ ընդունեցին իրենց կյանքի վերջին մարտը: Թաղված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: ՀՀ ազգային հերոսի կոչումը ստացել է հետմահու՝ 20.09.1996թ.: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: