Հանրագիտարան

Մանկավարժություն

Մանկավարժությունը գիտություն է անձի ձևավորման ու զարգացման օրինաչափությունների, կրթության, ուսուցման և դաստիարակության ձևերի, մեթոդների ու բովանդակության մասին:

Մանկավարժության հիմնական հասկացություններն են՝ 

  • անձի ձևավորումը՝ ինչպես նպատակաուղղված գործողությունների, այնպես էլ շրջապատի՝ հաճախ հակասական ազդեցության ներքո, 
  • դաստիարակությունը՝ ընտանիքի, տարբեր կազմակերպությունների համատեղ ջանքերով աշխարհայացքի ձևավորումը, աշխատանքային, մտավոր, բարոյական, գեղագիտական ու ֆիզիկական դաստիարակությունը, 
  • կրթությունը՝ գիտելիքների յուրացման ընթացքն ու արդյունքները, հմտությունների ու կարողությունների մշակումը, 
  • ուսուցումը՝ մարդուն կրթելու անընդմեջ գործընթացը՝ գիտելիքների հաղորդումը և յուրացումը:
Մանկավարժության բաժիններն են ընդհանուր մանկավարժությունը (ենթաբաժիններն են դիդակտիկան՝ կրթության ու ուսուցման տեսությունը, և դաստիարակության տեսությունը), դպրոցավարությունը, բուհական մանկավարժությունը, մանկավարժության պատմությունը, սոցիալական մանկավարժությունը, համեմատական մանկավարժությունը, զինվորական մանկավարժությունը, ուղղիչ-աշխատանքային մանկավարժությունը (զբաղվում է դատապարտյալների վերադաստիարակության հարցերով) և հատուկ մանկավարժությունը (ենթաբաժիններն են օլիգոֆրենոմանկավարժությունը, սուրդոմանկավարժությունը, տիֆլոմանկավարժությունը, որոնք զբաղվում են, համապատասխանաբար, մտավոր թերզարգացած և լսողական ու տեսողական խանգարումներով երեխաների դաստիարակությամբ և ուսուցմամբ, ինչպես նաև լոգոմանկավարժությունը, որն զբաղվում է խոսքի զարգացման անկանոնության շտկման ու վերացման խնդիրներով):
 
Դեռևս անտիկ շրջանում Դեմոկրիտի, Սոկրատեսի, Պլատոնի և Արիստոտելի փիլիսոփայական աշխատություններում կարևոր տեղ է հատկացվել դաստիարակության հարցերին. Հին Հունաստանում և Հին Հռոմում փիլիսոփայության ուսուցմանը զուգահեռ կարևորվել է մտավոր, հոգեկան ու ֆիզիկական դաստիարակության համակարգը: 
 
Վաղ միջնադարում ուսուցումն ու դաստիարակությունն ունեին հիմնականում հոգևոր-կրոնական բովանդակություն: 
 
Ռուսաստանում մանկավարժության՝ որպես առանձին գիտության, ձևավորումը կապված է Կոնստանտին Ուշինսկու անվան հետ, որի հայացքների ազդեցությամբ ու նրա հետևորդների (Նիկոլայ Պիրոգով, Լև Տոլստոյ, Վլադիմիր Ստոյանին և ուրիշներ) գործունեության շնորհիվ ռուս մանկավարժական միտքը զարգացել է նորովի:
Խորհրդային իշխանության տարիներին մեծ տեղ է տրվել դաստիարակության մարքս-լենինյան (կոմունիստական) տեսությանը: Դպրոցն անջատվել է եկեղեցուց, ստեղծվել է կրթության և ուսուցման միասնական պետական համակարգ, մշակվել է անգրագիտության վերացման ծրագիր: 
 
1920-ական թվականներին միութենական բոլոր հանրապետություններում ստեղծվել է մանկավարժական գիտահետազոտական հիմնարկների ցանց, որոնց միավորել է ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիան: 
 
Հին Հայաստանում երեխաները դաստիարակվել են հիմնականում ընտանիքում, նաև աշխատանքի ընթացքում, դաստիարակչական նշանակություն են ունեցել հրապարակային հանդիսությունները, ծեսերը, մարզական խաղերը, ավանդույթները: Հելլինիզմի շրջանում բացվել են աշխարհիկ ու պետական դպրոցներ, որտեղ երեխաներն ստացել են մտավոր և ռազմաֆիզիկական դաստիարակություն:
 
Հայ ժողովրդի համար բախտորոշ էր գրերի գյուտը, որին հաջորդել է լուսավորական շարժումը: Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում հիմնել է դպրոցներ, որտեղ էլ զարգացել է հայ մանկավարժական միտքը:
 
X–XV դարերում ստեղծված ուսումնագիտական կենտրոնները, բարձր տիպի դպրոցները հող են նախապատրաստել մանկավարժական գիտելիքների տեսական ընդհանրացումների համար: Այդ ամենն արտացոլվել է ժամանակի անվանի գիտնականների աշխատություններում, րաբունապետների գործունեության մեջ: 
 
1990-ական թվականների վերջերին ՀՀ-ն անդամագրվել է Բոլոնյան կրթական համակարգին՝ կարևորելով նաև հայ մանկավարժական մտքի բազմադարյան փորձն ու նվաճումները, ազգային առանձնահատկությունները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: