Հանրագիտարան

Սվաստիկա

Սվաստիկան ժամացույցի սլաքի ուղղությամբ, այսինքն դեպի աջ (卐), կամ էլ ժամացույցի սլաքի հակառակ կողմը, այսինքն դեպի ձախ (卍) ուղիղ անկյան տակ ծռված գծերով հավասարակողմ խաչ է:

 

Պատմություն

Շատ ազգերի մոտ այս նշանը կապված էր արևի պաշտամունքի հետ ու հանդիպում էր Հին քարի դարում և ավելի հաճախ`   Նոր քարի դարում: Մ.թ.ա. յոթից վեցերորդ դարերում այն մտնում է բուդդիստական նշանների մեջ, որտեղ այն նշանակում է Բուդդայի գաղտնի ուսմունք: Համարվում է, որ այս նշանը տարածվել է Եվրոպայում Բրոնզի և Երկաթի դարաշրջաններում:

 

Արարիչ Ար Աստծո, Արև-Աստծո, Արևի տարածված խորհրդանիշեր են սվաստիկան ու խաչը: Սվաստիկան իր հիմքով նման է խաչի, սակայն թևերի չորս ծայրերը ուղիղ անկյունով թեքվում են աջ կամ ձախ՝ խորհրդանշելով աշխարհի չորս կողմերը տարածվող լույսը, արևը, անսահմանությունը ու հավերժությունը: Կենտրոնում ունենալով Մայր Երկիրը, այն նաև անընդհատ շարժման տպավորություն է թողնում, խորհրդանշելով արևի շարժումը: Բացի սվաստիկայի դասական այս ձևից, որը շատ պարզ է ու գեղեցիկ, գոյություն ունեն նաև եռաթև, բազմաթև, կորածայր, միոլոր, բազմոլոր և այլ ձևի սվաստիկաներ:

 

Սվաստիկան տարբեր ժողովուրդների մոտ տարբեր անվանումներ է ունեցել, սակայն 19-րդ դարի վերջերից տարածվում է սանսկրիտ սվաստիկա անվանումը: Հայաստանում տարածված են արևխաչ, կեռխաչ, ճանկախաչ, խաչաթև, արմնկաձև խաչ, հավերժության նշան և այլ անվանումներ: «Սասնա ծռեր» դյուցազնավեպից հայտնի «Խաչ Պատերազմին», որն իրենց աջ բազկին կապում էին Սասնա դյուցազունները թշնամու դեմ մարտի գնալուց առաջ, անկասկած սվաստիկա էր, քանի որ հենց սվաստիկան է եղել հայ ռազմիկների սիրված ու տարածված խորհրդանիշերից մեկը՝ ըստ հայտնաբերված հնագիտական նյութերի:
 
Հայաստանում հանդիպում են և՛ աջ թեքումով, և՛ ձախ թեքումով սվաստիկաներ, որոնք մեծ քանակությամբ պատկերված են Գեղամա և Սյունյաց լեռներին (ժայռապատկերներ), պեղումների ժամանակ հայտնաբերված զենք-զրահին, զարդերին, պաշտամունքային ու կենցաղային իրերին:
 
Սվաստիկայի նկատմամբ միշտ մեծ հետաքրքրություն է եղել աշխարհում: Բազմաթիվ գիտնականներ և ուսումնասիրողներ (Յ. դը Մորգան, Մուրիե, Լիտտրե, Դիվմուրտիե, Մ. Մյուլլեր) զբաղվել են սվաստիկայի առեղծվածով: Նրանք փորձել են պատասխանել բազմաթիվ հարցերի, այդ թվում. ի՞նչ է նշանակում սվաստիկայի աջ թեքումը, ի՞նչ է նշանակում ձախ թեքումը, ի՞նչ է նշանակում սվաստիկա բառը, ինչպե՞ս կարելի է այն բացատրել, ի՞նչ է խորհրդանշում այն և այլն:
 
Տարածված կարծիքներից մեկի համաձայն՝ սվաստիկայի (նաև խաչի) հիմքի հորիզոնական գիծը նյութական աշխարհն է, իսկ ուղղահայացը՝ ոգեղեն, տիեզերական աշխարհը: Այս պատկերում խաչաձևվում են նյութն ու ոգին: Սվաստիկայի աջ թեքված չորս ծայրերը՝ ըստ ջայնիզմի հետևորդ հնդիկ մի վարդապետի, նյութական տիեզերքում հոգիների գոյության չորս աստիճաններն են ներկայացնում.
 
ա) նախասկզբնական, ստորին շրջան,
բ) երկրային կյանք, բուսական և կենդանական աշխարհ,
գ) մարդկային վիճակ,
դ) երկնային կյանք:
 
Այս բոլոր աստիճանավորումները նյութի ու ոգու միակցումներն են տարբեր վիճակներում:
 
Տարածված է այն տեսակետը, որ աջ թեքվող սվաստիկան կյանքի ու հավերժության խորհրդանիշն է, իսկ ձախ թեքվողը՝ մահվան խորհրդանիշը: Այլ տեսակետի համաձայն՝ աջ թեքվող սվաստիկան արական իմաստ ունի, իսկ ձախ թեքվողը՝ իգական: Այս տեսակետը համապատասխանում է տիեզերքում և բնության մեջ գործող արական-իգական, դրական-բացասական (ին, յան) և այլ նմանատիպ հակադրությունների պայքարի ու միասնության հասկացողությանը: Այս առումով հետաքրքիր է Ակներից հայտնաբերված դաշույնի պատյանը (մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկիզբ): Իմաստային առումով պատյանը բաժանվում է երեք մասի: Ամենավերևում Արև-Աստվածն է, միջին մասում Մայր-Աստվածուհուն հիշեցնող պատկեր է, որն իր բացված թևերի տակ է առել հակառակ (աջ, ձախ) պտտվող երկու սվաստիկաներ: Ստորին մասում կլոր շրջանակ է, որի մեջ հավասարաթև խաչ է պատկերված: Այն երկրագունդը՝  Մայր Երկիրն է հիշեցնում:
 
Տարածված տեսակետ գոյություն ունի սվաստիկա բառի բացատրության վերաբերյալ: Ընդունված է, որ svastika –ն կազմված է  su «լավ, բարի» և asti «լավ լինել» բաղադրիչներից, որը բարեկեցություն, երջանիկ վիճակ իմաստներն ունի (ka-ն մասնիկ է): Սվաստիկայի առեղծվածով զբաղվող գիտնականները համակարծիք են մեկ հարցում՝ սվաստիկան արևապաշտ արիական ցեղի խորհրդանիշն է և տարածվել է  այդ ցեղի հետ  միասին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: