Հանրագիտարան

Ֆրիտյոֆ Նանսեն

Նորվեգացի բևեռախույզ, օվկիանոսագետ, ֆիզիկական օվկիանոսագիտության հիմնադիր, մարդասեր և հասարակական-քաղաքական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենը (1861թ. հոկտեմբերի 10 - 1930թ. մայիսի 13) սովորել է Քրիստիանայի համալսարանի բնագիտության ֆակուլտետում (1897թ.-ից եղել է կենդանաբանության պրոֆեսոր):
1888թ. դահուկներով կտրել-անցել է Գրենլանդիան: Այնուհետև մշակել է Հյուսիսային բևեռ հասնելու նախագիծ իրագործել է իր կառուցած «Ֆրամ» նավով, որի համար ընտրվել է Սանկտ Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ:
 
Նորվեգիայի`   Շվեդիայից անջատվելուց (1905թ.) հետո նշանակվել է Մեծ Բրիտանիայում Նորվեգիայի դեսպան: Առաջին աշխարհամարտի (1914-18թթ.) ավարտից հետո որպես Ազգերի լիգայի գերագույն կոմիսար`   Նանսենն զբաղվել է ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու և գաղթականների խնդիրներով: Օգնություն է կազմակերպել Պովոլժիեի սովյալների համար (1921թ.): 
 
Նանսենի հասարակական գործունեության մեջ կարևոր տեղ է գրավել հայանպաստ աշխատանքը, ջանքերը Հայ դատի արդարացի լուծման և հայ գաղթականների դրության բարելավման համար: Նա խստագույնս դատապարտել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի և երիտթուրքերի կազմակերպած հայերի ցեղասպանությունը: Նանսենն օգնել է գաղթականներին, բազմահազար հայ փախստականներ ստացել են «Նանսենյան անձնագրեր»:
 
Առաջարկել է պայմաններ ստեղծել հայ գաղթականներին Խորհրդային Հայաստան հայրենադարձնելու համար, գլխավորել է հայրենադարձության հանձնաժողովը (1925-29թթ.): Այդ նպատակով Նանսենն իր հանձնաժողովով 1925թ. հունիսին ժամանել է Երևան, եղել է հանրապետության տարբեր շրջաններում, պարզել գաղթականներին ընդունելու հնարավորությունները, մասնակցել Շիրկանալի (Շիրակի ջրանցք) բացմանը:
 
Վերադառնալով Ժնև`   Ազգերի լիգային ներկայացրել է զեկուցագիր, ըստ որի՝ օգնություն ցուցաբերելու դեպքում Հայաստանը կարող է տեղավորել 25-30 հզ. գաղթականի: Տեսնելով, որ Ազգերի լիգան դանդաղում է հայ գաղթականության հայրենադարձման հարցում, Նանսենն ինքն է մարդասիրական ուղիներով հայթայթել անհրաժեշտ միջոցներ և տրամադրել 7 հզ. հայ գաղթականների հայրենադարձության կազմակերպման համար:
 
Նանսենի բազմաթիվ հոդվածներ, զեկուցագրեր, ելույթներ նվիրված են հայ ժողովրդի պատմությանն ու Հայաստանին: 1927թ. նորվեգերեն հրատարակվել է նրա «Հայաստանում» ծավալուն գիրքը, որը թարգմանվել է անգլերեն ու ֆրանսերեն`   «Հայաստանը և Մերձավոր Արևելքը», գերմաներեն`   «Խաբված ժողովուրդ» վերնագրերով: Ընդ որում՝ գրքի վրա կարմիր տառերով գրված է`   «Մեղադրանք Անտանտի ու Ազգերի լիգայի դեմ»: 
 
Մարդասիրական գործունեության համար 1922թ. Նանսենին շնորհվել է Նոբելյան մրցանակ: 1938թ. նրա Գաղթականների միջազգային գրասենյակը նույնպես արժանացել է Նոբելյան մրցանակի «Նանսենյան անձնագրերի» ստեղծման համար: 1954թ. ՄԱԿ-ի Փախստականների գծով կոմիսարիատը սահմանել է Նանսենի մրցանակ (սկզբում կոչվել է «Նանսենի մեդալ»): Այն տրվում է 1955թ.-ից: Նանսենի մասին նկարահանվել է «Աշխարհի խիղճը» (2009թ.) ֆիլմը: 
 
Երևանում գործում են «Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամը», Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատունը: Նանսենի անունով կոչվել են փողոցներ և դպրոցներ Երևանում, Դիլիջանում, Արմավիրում, Սպիտակում, Ստեփանավանում: Երկրաշարժից հետո  Սպիտակ քաղաքում նորվեգացիները Նանսենի թոռան`   ճարտարապետ Էյգիլ Նանսենի նախագծով 1989թ. կառուցել են հիվանդանոց, որի բակում տեղադրվել է Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրին, Երևանի Նոր Նորք թաղամասի զբոսայգում`   «Նանսենյան անձնագրի» արձանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: