Հանրագիտարան

Պիեռ Տեյար դը Շարդեն

Ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, աստվածաբան, բնագետ Պիեռ Տեյար դը Շարդեն (ֆրանսերեն`   Pierre Teilhard de Chardin, 1881թ. մայիսի 1 - 1955թ. ապրիլի 10) ծնվել է Ֆրանսիայի Օվերն գավառում։ Տեյարը կրթվել է ճիզվիտական ուսումնական հաստատություններում, որոնք աչքի են ընկել ուսուցանվող գիտակարգերի լայն ցանկով։ 1899թ.-ին դառնում է Հիսուսյան ուխտի անդամ, 1901թ.-ին`   քահանա, 1920-1925թթ.-ին՝ դասավանդում է Փարիզի կաթոլիկական համալսարանում։

Կյանքի օրոք նա ավելի մեծ միջազգային ճանաչում է ձեռք բերում որպես բնագետ, քան աստվածաբան։ Նա իր ժամանակի հեղինակավոր մարդաբան-հնէաբաններից էր, սինանթրոպի բրածոյի հայտնաբերողներից մեկը, ընդ որում՝ առաջինն էր հասկացել այդ հայտնագործության ողջ կարևորությունը գիտության համար, հայտնագործություն, որի շնորհիվ վերականգնվում էր մարդանման կապկի և մարդու հնագույն տեսակի միջև պակասող կենսաբանական օղակը։

 

Նախապես Տեյարի փիլիսոփայության և կրոնի բնագավառի գաղափարները տարածում չգտան, քանի որ եկեղեցական ղեկավարությունը նրան հետապնդում էր «կրոնական այլախոհության» համար։ Նրան արգելեցին դասավանդել, ինչպես և հրատարակել փիլիսոփայական և աստվածաբանական բնույթ ունեցող երկեր, նա փաստորեն վտարվեց հայրենիքից։ 20 տարուց ավելի նա անցկացրեց Չինաստանում, հնէաբանական հետազոտություններ կատարեց բոլոր մայրցամաքներում։
 
Միայն 1950թ.-ին 70-ամյա Տեյարին ընտրեցին Փարիզի Գիտությունների ակադեմիայի անդամ։ Ֆրանսիայից երկրորդ անգամ վտարվելուց հետո նա բնակություն հաստատեց ԱՄՆ-ում (Նյու Յորքում), որտեղ էլ մահացավ 1955թ.-ին: Նրա գլխավոր աշխատությունը`   «Մարդու ֆենոմենը», լույս տեսավ ետմահու՝ նույն թվականին։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: