Հանրագիտարան

Արա Գևորգյան

Արա Գևորգյանը ծնվել է երաժշտի ընտանիքում 1960 թվականի ապրիլի 19-ին: Սովորել է թիվ 31 միջնակարգ դպրոցում և միևնույն ժամանակ Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: 1978-1980 թվականներին սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում: 1983-1987 թվականներին սովորել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում:

1987-1989 թվականներին նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և եղել է ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը: 1983 թվականից ի վեր նվագել է նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոնների, ունեցել է բազմաթիվ համերգներ Ֆրանսիայում, Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրերում:  

 

1995-ից թողարկել է մի քանի ձայներիզներ: 2001 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել հեղինակային համերգ`   նվիրված Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին: 2002 թվականին համերգներով հանդես է եկել Հայաստանում, Կանադայում և ԱՄՆ-ում: Հանրապետության մշակութային կյանքում ակտիվ գործունեության համար ՀՀ մշակույթի նախարարությունը շնորհել է «Ոսկե Մեդալ շքանշան»:
 
2003 թվականին համերգային ծրագրով մասնակցել է Հանրապետության հրապարակում կայացած «Մեկ ազգ մեկ մշակույթ» համահայկական փառատոնի բացման տոնահանդեսին: 2004 թվականին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից արժանացել է «ՀՀ վաստակավոր արտիստ» կոչման: Նույն թվականին համերգներով հանդես է եկել Բեյրութում (Լիբանան):
 
2005 թվականին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի 90-ամյակի կապակցությամբ գրված երգը թարգմանվել և ձայնագրվել է 14 լեզվով, հնչել Ծիծեռնակաբերդում տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ: Հիմնադրել է 40 երաժշտից բաղկացած ժող. գործիքների նվագախումբ, որը դարձել է «ՀՀ ազգային նվագարանների պետական նվագախումբ»:
 
2006 թվականին Հայաստանում գործիքային երաժշտության զարգացման գործում ունեցած ներդրումների համար արժանացել է մրցանակի, որը հանձնվել է Մոսկվայի Կրեմլի համերգային դահլիճում: Նույն թվականին Մոսկվայի Կրեմլի համերգային դահլիճում մասնակցել է ՌԴ-ում Հայաստանի մշակութային տարվա բացմանը նվիրված համերգին:
 
Համերգներով հանդես է եկել Սիդնեյում (Ավստրալիա), Մարսելում և Լիոնում (Ֆրանսիա): 2007թ. Ռուսաստանի Դաշնության կողմից պարգևատրվել է Միխայիլ Լոմոնոսովի անվան պատվոշքանշանով: Նույն թվականին համերգով հանդես է եկել Մոսկվայի Կրեմլի համերգային դահլիճում: Մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակին նվիրված համերգին: Արժանացել է «Երևանի քաղաքապետի» ոսկե մեդալին:
 
2008 թվականին մասնակցել է Մոսկվայի Կրեմլում կայացած «Կարոտ» փառատոնին և արժանացել է «Կարոտ» ոսկե մեդալին: Նույն թվականին Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի օրհներգի երաժշտությունը հեղինակելու համար պարգևատրվել է «Հրանտ Շահինյան» ոսկե մեդալով: Հասարակական-քաղաքական, մարդասիրական սկզբունքների հաստատման և Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսենի» ոսկե հուշամեդալով:
 
Ընտրվել է Կանադայի Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ: 2009 թվականին ԱՄՆ-ում թողարկել է «Վաղարշապատ» ձայնասկավառակը, որն ԱՄՆ-ի Համահայկական երաժշտական փառատոնին արժանացել է մրցանակի, ինչպես նաև թողարկել է «Համերգների Լավագույն Ընտրանին»-ն: Նույն թվականին Մոսկվայում թողարկվել է ստեղծագործությունների «Լավագույն Ընտրանի» ձայնասկավառակը: Համերգներով հանդես է եկել Հալեպի պատմական ամրոցում (Սիրիա):
 
Ճանաչվել է տարվա ամենահամերաշխ մարդը և «Համերաշխություն» շարժման կողմից արժանացել է շքանշանի: 1999-2009 թվականներին մասնակցել է գրեթե բոլոր «Մեկ ազգ մեկ Մշակույթ», «Համահայկական խաղեր» և «Էրեբունի Երևան» տոնակատարություններին: Երևան քաղաքի Շենգավիթի համայնքի պատվավոր քաղաքացի է: Մասնակցել է Համահայկական hիմնադրամի 10-րդ տարելիցին նվիրված բարեգործական համերգին: 
 
2003 թվականի հունիսի 7-ին և 8-ին «Ադվենտուր» ակումբի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կազմակերպված «Մետաքսի ճանապարհ» միջազգային ավտոմրցարշավում Արա Գևորգյանը և Սարգիս Թաշչյանը (շտուրման)  կարգում գրավեցին պատվավոր առաջին տեղը, և հունիսի 9-ին կայացած մրցանակաբաշխության ժամանակ նրանց հանձնվեցին առաջին կարգի դիպլոմն և մրցանակը: Ամուսնացած է, ունի 1 որդի, 1 դուստր և բնակվում է Երևան քաղաքում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: