Հանրագիտարան

Արամ Ինճիկյան

Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ, հայ գրականագետ Արամ Ինճիկյանը ծնվել է 1910թ. դեկտեմբերի 29-ին Ախալցխա քաղաքում: 1929-1932թթ. ուսուցչություն է արել Գորիսի և Ալավերդու շրջաններում, միաժամանակ հեռակա սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում:

1932թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետի երրորդ կուրս և համալսարանն ավարտել 1933թ.: 1933-1934թթ. հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ախալցխայի գյուղատնտեսական տեխնիկումում, միաժամանակ աշխատել «Դեպի սոցիալիզմ» թերթի խմբագրությունում:

 

1934-1937թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1937-1938թթ. որպես կրտսեր գիտաշխատող պաշտոնավարել է պատմության և գրականության ինստիտուտում: 1938-1940թթ. ծառայել է սովետական բանակում, մասնակցել 1939-1940թթ. սպիտակ ֆինների դեմ մղած կռիվներին:

 

1941-1942թթ. որպես ավագ գիտաշխատող պաշտոնավարել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի լեզվի և գրականության ինստիտուտում: 1942թթ. զորակոչվել է բանակ և մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: 1946թթ. «Արա Գեղեցիկի առասպելը և նրա գրական մշակումները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան:

 

Նույն թվականից աշխատել է ՀՍՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող,1958-1975թթ.՝ տեքստաբանության բաժնի վարիչ: 1970թթ. «Թումանյան. կյանքը և ստեղծագործության պատմությունը. 1869-1899թթ.» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Ավետիք Իսահակյան» (Երևան, 1956թ.) գործը:

 

Մասնակցել է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Պերճ Պռոշյանի, Միքայել Նալբանդյանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի երկերի գիտական հրատարակություններին`   կազմելով առանձին հատորների տեքստեր և ծանոթագրություններ: Աշխարհաբարի է վերածել Ռափայել Պատկանյանի Նոր Նախիջևանյան պատմվածքների շարքը: 1975թ. արժանացել է ՀՍՍՀ ԳԱ նախագահության վաստակագրին: Մահացել է 1975թ. մարտի 22-ին:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: