Հանրագիտարան

Ալեքսանդր Մանթաշյանց

Հայ բարեգործ ու գործարար Ալեքսանդր Մանթաշյանցը (1842թ. մարտի 3 - 1911թ. ապրիլի 19) հայ նշանավոր գործարար ու բարեգործ է: Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը: Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել: 1899թ. Մանթաշյանն ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին: Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը:

Իր առևտրային գործունեությունն Ալեքսանդր Մանթաշյանը զուգակցում էր հասարակական և բարեգործական գործունեության հետ: Նա էր հովանավորում Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։ Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը գտնվում է Փարիզի հենց կենտրոնում՝ Ելիսեյան դաշտում, իր գոյությամբ պարտական է Ալեքսանդր Մանթաշյանին:

 

Երբ ցարական կառավարությունը որոշում կայացրեց հայկական եկեղեցական ունեցվածքի առգրավման մասին, դրանով իսկ զրկելով հայկական դպրոցները, գիմնազիաները և մշակութային-լուսավորչական մյուս օջախները նյութական աջակցությունից, Մանթաշյանը ֆինանսավորեց Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանի նոր շենքի կառուցումը: Մանթաշյանի միջոցներով են կառուցվել նաև պատրիարքական հարկաբաժիններն Էջմիածնում:
 
Ալեքսանդր Մանթաշյանն է եղել Կովկասի հայ բարեգործական ընկերության գլխավոր նախաձեռնողն ու հիմնադիրը և մինչև իր կյանքի վերջը մնացել է վարչության անդամ՝ շարունակելով կատարել խոշոր գումարների հատկացումներ: Ալեքսանդր Մանթաշյանը եղել է հայ մշակույթի, գիտության, արվեստի և գրականության մեծ նվիրյալ և հովանավոր: Իմանալով, որ հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը սեփական դաշնամուր չունի, նա կարգադրել է, որպեսզի Գերմանիայից նրա համար բերվի այդ երաժշտական գործիքը:
 
Մեկենասի և բարեգործի առանձնահատուկ հոգատարության առարկա են եղել տաղանդավոր ստեղծագործող մարդիկ, ընդունակ երիտասարդները: Մանթաշյանի միջոցներով են Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում սովորել երկու հարյուրից ավելի հայ պատանիներ ու աղջիկներ, որոնցից շատերը հետագայում դարձել են գիտության, մշակույթի, արվեստի և գրականության հայտնի գործիչներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: