Հանրագիտարան

Գրիգոր Ղափանցյան

Հայ լեզվաբան, հայագետ Գրիգոր Ղափանցյանը (1887թ., փետրվարի 17, Աշտարակ - 1956թ., մայիսի 3, Երևան) բարձրագույն կրթությունն ստացել է Պետերբուրգի համալսարանում`   ավարտելով արևելյան լեզուների ֆակուլտետը: Աշակերտել է Նիկողայոս Մառին։ Զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ նախ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա՝ ԵՊՀ-ում (1921թ.-ից)։
Եղել է ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի ղեկավար (1950-1956թթ.)։ 1930թ.-ին ստացել է պրոֆեսորի կոչում, 1942թ.-ին`   գիտության վաստակավոր գործչի կոչում, ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր անդամներից է, եղել է նրա հասարակագիտական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ունեցել է պատմաբանասիրական հետաքրքրություններ:
 
Հայերենի ծագման և ցեղակցության վերաբերյալ զարգացրել է այն տեսությունը, թե նրա մեջ առկա է երկու շերտ`   հնդեվրոպական և տեղական, ընդ որում`   հիմնականը տեղական շերտն է։ Տեղական ասելով`   նա հասկանում էր փոքրասիական և կովկասյան այն լեզվանստվածքը, որը խոր արմատներ ունի հայերենում։
 
Իր մենագրություններում և բազմաթիվ հոդվածներում ուշագրավ դիտողություններ է արել տեսական լեզվաբանության, հայերենի զարգացման պատմության, հայ ժողովրդի կազմավորման ակունքների, նրա հնագույն լեզվաէթնիկական առնչությունների վերաբերյալ։ Վախճանվել է Երևանում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: