Հանրագիտարան

Մատաթիա (Անտոն) Գարագաշյան

Հայ պատմաբան Մատաթիա (Անտոն) Գարագաշյանը ծնվել է Կ. Պոլսում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա 1832թ.-ին ուղարկվել է Վիեննա՝ Մխիթարյանների վանքը, որտեղ հմտացել է հայագիտության մեջ:

Գիտական-բանասիրական գործունեությունն սկսել է 1840-ականներից՝ Վիեննայում հրատարակելով «Արվեստ ճարտասանության» (1844թ.) և «Նկարագիր ուսմանց» (1845թ.) գրքերը: Մի քանի տարի Իզմիրում պաշտոնավարելուց հետո մեկնել է Կ. Պոլիս, հրաժարվել հոգևորական կոչումից, «Բայբլ Հաուզ» աստվածաշնչային ընկերությունում պաշտոն է ստանձնել որպես թարգմանությունների վերստուգիչ. միաժամանակ որպես գրաբարի դասատու պաշտոնավարել հայկական դպրոցներում:

 

Նույն այդ տարիներին լույս է ընծայել պատմա-բանասիրական, լեզվագիտական, աշխարհագրական և փիլիսոփայական բազմաթիվ գրքեր: Նրա քերականական ձեռնարկներից մի քանիսը, ինչպես «Դպրություն կամ նոր քերականություն հայերեն», «Համառոտ նոր քերականություն» և այլն, 1860-1890-ականներին արժանացել են 8-10 տպագրության: Փիլիսոփայական աշխատություններից են «Համառոտ պատմություն փիլիսոփայության» (Կ. Պոլիս, 1868թ.), «Համառոտ փիլիսոփայություն», «Սկզբունք տրամաբանության» և այլն:

 

1890-ականներին հրատարակել է աշխարհագրական դասագրքեր և ձեռնարկների մի ամբողջ շարք, ինչպես «Աշխարհագրություն համառոտ քաղաքական», «Աշխարհագրություն ուսումնական» և այլն: 1887թ.-ին Հակոբ Գուրգենի հետ լույս է ընծայել «Ճաշակ ոսկեղեն դպրության» պարբերականը 5-րդ դարի գրաբարով: 1890-ականների սկզբներից պաշտոնավարել է Կ. Պոլսի Կենտրոնական վարժարանում`   որպես գրաբարի դասատու:

 

1895թ.-ին Թիֆլիսում լույս է տեսել նրա «Քննական պատմություն հայոց» քառահատոր երկասիրությունը, որն առաջին փորձն է հայ ժողովրդի պատմությունը ներկայացնելու քննական ոգով, մոտիկ հարակցությամբ տվյալ ժամանակաշրջանի քաղաքական, հասարակական հարաբերությունների հետ: Թողել է գիտական մեծ ժառանգություն. նրա երկասիրությունների թիվն անցնում է մի քանի տասնյակից:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: