Հանրագիտարան

Չարլզ Դարվին

Անգլիացի բնագետ և ճանապարհորդ, դարվինիզմի հիմնադիր Չարլզ Դարվինը (1809թ. փետրվարի 12 - 1882 թ. ապրիլի 19) ծնվել է Անգլիայի Շրոպշիր կոմսությունում`   ունևոր բժիշկ և ֆինանսիստ Ռոբերտ Դարվինի ընտանիքում:

Նա հայտնի բժիշկ, բնագետ և բանաստեղծ Էրազմ Դարվինի թոռն էր: Մանուկ տարիներից Չարլզ Դարվինը հետաքրքրվել է բնագիտությամբ և կազմել հավաքածուներ: 16 տարեկանից օգնել է հորը բժշկական պրակտիկայում: 1825-1827թթ. Էդինբուրգի համալսարանում ուսումնասիրել է բժշկություն:

 

Համարելով, որ դասերն անհետաքրքիր են, իսկ վիրաբուժությունը տանջանքներ է պատճառում, թողնում է համալսարանը: Փոխարենն ուսումնասիրում է Ջոն Էդմոնդսթոունի տակսիդերմիան, որը ներկայացնում էր Հարավային Ամերիկայի անձրևային անտառներում կատարված դիտարկումները:

 

Հաջորդ տարի լինելով բնական պատմության կաբինետի ուսանող՝ միանում է Պլինևյան ուսանողական միությանը, որի շրջանակում ակտիվորեն քննարկվում էին արմատական մատերիալիզմի խնդիրները: Իմանալով զավակի համալսարանը թողնելու մասին`    հայրն առաջարկում է որդուն ուսումը շարունակել Քեմբրիջի քրիստոնեական դպրոցում և դառնալ հոգևորական:
 
Չարլզ Դարվինը ժամանակ է խնդրում՝ մտածելու հոր առաջարկի մասին: Նա ուսումնասիրում է հոգևոր գրականություն և, ի վերջո, համաձայնում է: Սակայն քեմբրիջյան տարիներին առանձնապես չի խորասուզվում ուսման մեջ՝ ժամանակը հիմնականում ծախսելով ձիավարության և հրաձգության վարժանքների վրա:
 
Շուտով նա ծանոթանում է էնթամոլոգների (միջատաբաններ) հետ և տարվում միջատների ուսումնասիրությամբ: 1831թ.-ին հաջողությամբ հանձնելով ավարտական քննությունները՝ Դարվինն ավարտում է քեմբրիջյան քոլեջը: Այնուհետև թագավորական նավատորմի «Բիգլ» նավով Դարվինն ուղևորվում է շուրջերկրյա հետազոտության:
 
Անգլիա է վերադառնում միայն 1836թ. հոկտեմբերի 2-ին: Դարվինի էվոլյուցիոն ուսմունքի համար հիմք են ծառայում «Բիգլ» նավով շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում կատարած հետազոտությունները, ինչպես նաև կենսաբանության և սելեկցիայի ասպարեզում արդեն կատարված նվաճումները:
 
1858թ. Լոնդոնում կարդացած զեկուցման մեջ Դարվինն առաջին անգամ շարադրում է բնական ընտրության տեսության հիմնական դրույթները: Կենսաբանական հետագա զարգացումը խորացնում և լրացնում է նրա պատկերացումները, որոնք ժամանակակից դարվինիզմի հիմքն են դառնում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: