Հանրագիտարան

Այն Րանդ

Ամերիկացի փիլիսոփա և վիպասան Այն Րանդը (Ալիսա Զինովիևնա Ռոզենբաում, 1905թ. փետրվարի 2, Սանկտ Պետերբուրգ - 1982թ. մարտի 6, Նյու Յորք) համարվում է օբյեկտիվիզմի հիմնադիրը։ Նրա նշանավոր գործերից են «Շատրվանագլուխը» և «Ատլանտը թոթվեց ուսերը» գրքերը։

Ալիսա Զինովիևնա Ռոզենբաումը ծնվել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում 1905 թվականի փետրվարի 2-ին։ Չորս տարեկանում նա գրել ու կարդալ է սովորում, իսկ երկու տարի հետո գտնում է իր մանկության հերոսին մի ֆրանսական մանկական թերթում՝ այսպիսով ձեռք բերելով իր հերոսի գաղափարատիպը, որն իր հետ է մնում իր ողջ կյանքի ընթացքում։

 

Հիմնովին հակադրված ռուսական մշակույթի խորհրդապաշտությանը և կոլեկտիվիզմին, նա իրեն համարում էր եվրոպացի գրող, հատկապես՝ Վիկտոր Հյուգոյին հանդիպելուց հետո, որով նա ամենից շատն էր հիանում։ Ընտանիքը շուտով մեկնում է Ղրիմ, ուր նա ավարտում է միջնակարգը։

 

Վերջնական կոմունիստական հաղթանակը պատճառ է դառնում նրա հոր դեղատան բռնագրավմանը և ժամանակավոր սովի։ Երբ միջնակարգի վերջին տարում ծանոթանում է ամերիկյան պատմության հետ, անմիջապես այն ընդունում է որպես օրինակ, թե ազատ մարդկանց ազգն ինչպիսին պիտի լինի։

Ղրիմից վերադառնալիս նա սկսում է սովորել փիլիսոփայություն և պատմություն Պետրոգրադի համալսարանում և ավարտում է այն 1924 թվականին։ Նրա ամենամեծ հաճույքներից էին Վիեննական օպերետաները և արևմտյան կինոներն ու թատերախաղերը։
 
1924թ.-ին ընդունվում է Կինոյի արվեստների պետական ինստիտուտ, որպեսզի սովորի կինոսցենարներ գրել։ Այս ժամանակ նա առաջին անգամ հրատարակում է գրքույկ դերասանուհի Փոլա Նեգրիի մասին (1925թ.) և մի գրքույկ «Հոլիվուդ՝ ամերիկյան կինոյի քաղաք» անվամբ (1926թ.)։
 
1925 թվականին նա իր ազգականների տեսակցության համար ԱՄՆ մեկնելու վիզա է ստանում և մեկնում այնտեղ։ Նյու Յորք է հասնում 1926թ.-ի փետրվարին։ Մյուս վեց ամիսն ապրում է իր ազգականների հետ Չիկագո քաղաքում, իսկ հետո մեկնում Հոլիվուդ`   նպատակադրվելով դառնալ սցենարիստ։
 
Հոլիվուդում հանդիպում է Սեսիլ Բ. ԴեՄիլին, ով նրան առաջարկում է աշխատել իր համար նախ որպես ֆոնային դերասան, ապա՝ կրտսեր սցենարիստ։ Այնուհետև ստուդիայում նա հանդիպում է դերասան Ֆրանկ Օ՛Քոնորին, ում հետ էլ ամուսնանում է 1929թ.-ին:
 
Հետագա տարիներին նա մի քանի աշխատանք է փոխում, մինչ առաջին անգամ իր գրած սցենարը վաճառում է 1932թ.-ին։ Նրա «Շատրվանագլուխը» լույս է տեսնում1943թ.-ին, իսկ 1957թ.-ին լույս է տեսնում նրա «Ատլանտը թոթվեց ուսերը» գիրքը։ Վախճանվել է 1982 թվականի մարտի 6-ին Նյու Յորքի իր բնակարանում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: