Հանրագիտարան

Գրիգոր Պահլավունի

Գիտնական, փիլիսոփա, բանաստեղծ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին (հայտնի է նաև որպես՝ Գրիգոր Մագիստրոս Բջնեցի (մոտ 990–1058)) սպարապետ Վասակ Պահլավունու որդին է: Սկզբնական կրթությունը ստացել է Անիի դպրոցում, այնուհետև ուսանել է Կ.Պոլսում:

Հորեղբոր՝ սպարապետ Վահրամ Պահլավունու հետ պայքարել է ներքին և արտաքին թշնամիների դեմ, նպաստել Բագրատունիների գահի ամրապնդմանը: 1045-ին Կ.Պոլսում Կոստանդին Զ Մոնոմախ կայսրի կողմից Գագիկ Բ-ի ձերբակալումից հետո իր տիրույթները հանձնում է Բյուզանդիային՝ փոխարենը կալվածքներ ստանալով Հարավային Հայաստանում ու Միջագետքում: 

 

Բյուզանդական կայսրը նրան շնորհում է մագիստրոսի տիտղոս, 1048-ին նշանակում Հարավային Հայաստանի և Միջագետքի կուսակալ: Գրիգոր Մագիստրոս Պահլավունու գլխավորությամբ բյուզանդական բանակը ջախջախում է թոնդրակեցիների շարժումը: Ի տարբերություն նախորդ աղանդահալած իշխանների և կաթողիկոսների, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, թույլ չի տալիս, որ զինվորները խոշտանգեն աղանդավորներին, սպանեն կամ աղվեսադրոշմով խարանեն նրանց: 
 
 
Լինելով բարձրաստիճան բյուզանդական պաշտոնյա՝ շարունակել է սերտ կապեր պահպանել հայ իրականության հետ, նշանակալից դեր խաղացել Հայաստանի կյանքում: Գրիգոր Մագիստրոս Պահլավունին եղել է ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկը, զգալի հետք թողել միջնադարյան հայ մշակույթի պատմության մեջ, նպաստել գիտության և գրականության զարգացմանը:
 
Հիմնել է դպրոց-ճեմարան, դասավանդել ճարտասանություն, փիլիսոփայություն, քերականություն, մաթեմատիկա և այլն: Նրա նախաձեռնությամբ կառուցվել է Բջնիի Ս. Աստվածածին վանքը, Կեչառիսի վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Հավուց թառ վանքի Ս. Ամենափրկիչ եկեղեցին և այլ կոթողներ: 
 
Մեզ են հասել Գրիգոր Մագիստրոս Պահլավունու նամակները («Թղթեր», հրատարակվել են 1910): Գրել է նաև «Մեկնութիւն քերականին» քերականագիտական երկը (առաջին նգամ հրատարակվել է Լ. Խաչերյանի «Գրիգոր Պահլավունի Մագիստրոս (985–1058 թթ.). Կյանքն ու գործունեությունը» գրքում, 1987), չափածո ստեղծագործություններ («Տաղասացութիւնք», 1868), որոնցից ամենանշանավորը «Առ Մանուչե» («Հազարտողեան») պոեմն է՝ Աստվածաշնչի համառոտ հանգավորված վերապատումը:
 
1016 տողանոց պոեմի վերջին 116 տողը նվիրված են Հայոց եկեղեցու պատմությանը՝ Գրիգոր Ա Լուսավորչից մինչև հայերեն գրերի գյուտը: Իր նամակներում նշում է, որ թարգմանել կամ ծրագրել է թարգմանել հույն և ասորի հեղինակների երկեր, որոնցից պահպանվել է միայն Էվկլիդեսի «Սկզբունքների» մի հատվածի թարգմանությունը: Ունեցել է հետաքրքրասիրությունների լայն շրջանակ՝ հին հունական և հայկական դիցաբանություն, փիլիսոփայություն ու աստվածաբանություն, ճշգրիտ գիտություններ, պատմություն, գրականություն, արվեստ:
 
Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, զարգացնելով Դավիթ Անհաղթի նորպլատոնականությունը, հակվել է դեպի ռացիոնալիզմը և բնափիլիսոփայությունը: Կարևորել է բնագիտությունն ու մաթեմատիկան, պետք է նախապատրաստեն մարդկային միտքը «բնությունից վեր գտնվող» գերագույն գոյի՝ Աստծո ճանաչման համար:
 
Ընդունել է Աստծո գոյության տիեզերաբանական ապացույցը, համաձայն որի`   բնության՝ որպես Աստծո ստեղծագործության ճանաչումով կարելի է ըմբռնել նրա Արարչի էությունը: Գրիգոր Մագիստրոս Պահլավունու գործերում ուշագրավ մտքեր կան կենսաբանության, բժշկագիտության, տիեզերագիտության, երաժշտության տեսության, գեղագիտության և այլնի վերաբերյալ: Հայտնի է նաև որպես շարականագիր և տաղասաց:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: