Հանրագիտարան

Ծնվել է Ամիրդովլաթ Ամասիացին

Բնագետ-բժիշկ, գիտնական, մատենագիր Ամիրդովլաթ Ամասիացին բժշկությունը սովորել է Միջագետքում կամ Արաբիայում: Տիրապետել է հունարենին, լատիներենին, պարսկերենին, արաբերենին, թուրքերենին, ուսումնասիրել հին և միջնադարյան բժշկագիտությունը: Երկար տարիներ ապրել է Կոստանդնուպոլսում, եղել պալատական բժիշկ, հռչակվել «վիրաբուժապետ»:

Ամասիացին «Ուսումն բժշկութեան» աշխատությունում քննության է առել սաղմնաբանության, մարդակազմության, ախտաբանության և հիգիենայի հարցերը: «Օգուտ բժշկութեան» աշխատությունը կազմված է 2 մասից՝ մարդակազմություն և ախտաբանություն, որտեղ մանրամասն նկարագրված են ներքին օրգանների  հիվանդությունների (200-ից ավելի) պատճառագիտությունը, կլինիկական պատկերը բնորոշող ախտանշանները, հիվանդի բուժումը և խնամքը, ինչպես նաև նկարագրել է տեսողական նյարդի ուղին, քիթկոկորդի և այլ հիվանդություններ, տվել դրանց դեղաբուժման, սննդաբուժման եղանակները:
 
Դեղագիտության վերաբերյալ Ամասիացու ամենանշանավոր աշխատություններն են «Ախրապատինը» (1487թ.) և «Անգիտաց անպէտը» (1482թ., հրտ.`   1926թ.): Վերջինս հայկական միջնադարյան հայկական դեղագիտական հանրագիտարան է, որտեղ տրված են (5 լեզվով) 3500-ից ավելի բուժիչ բույսերի, կենդանիների ու հանքային նյութերի անվանումներ, նրանց հոմանիշները: 
 
Վարակային-ալերգիական հիվանդությունների բուժման համար Ամասիացին օգտագործել է հայկական բուսաշխարհի բույսերը, կիրառել է նաև հակաթունային (նարդոս, վաղենակ, երկաթախոտ և այլն) և օրգանիզմի տոնուսը բարձրացնող (սղանց, լոշտակ), վաղաժամ ծերությունը կանխող որոշ բուսական, կենդանական ու անօրգանական ծագում ունեցող խեժեր (քաղբան, սեքպինաճ, ակնամոմ և այլն):
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: