Հանրագիտարան

Խորեն Գալֆայան (Նար-Պեյ)

Բանաստեղծ, դրամատուրգ և հասարակական գործիչ Խորեն Գալֆայանը (Նար-Պեյ) ծնվել է 1831թ.-ի սեպտեմբերի 6-ին: Փոքր հասակից իր եղբոր՝ Ամբրոսիոս Գալֆայանի հետ ուղարկվել է Վենետիկ՝ Մխիթարյան միաբանության Սբ. Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը։
Պաշտոնավարել է Մխիթարյանների Փարիզի Մուրադյան վարժարանում։ Փարիզում Գաբրիել Այվազովսկու հետ 1855-58թթ. խմբագրել է «Մասյաց աղավնի» ամսագիրը։ 1856թ. հրաժարվել է կաթոլիկական դավանանքից ու Մխիթարյան միաբանությունից, դարձել Փարիզի Հայկազյան վարժարանի տնօրեն։
 
Այդ պաշտոնը նա վարել է 1857-59թթ.։ Փարիզում անձամբ ծանոթացել ու մտերմացել է Լամարթինի հետ, ձեռնարկել նրա բանաստեղծությունների թարգմանությունը, որը հրատարակել է 1859թ. «Դաշնակք Լամարթինեայ» խորագրով, ամենախրթին գրաբարով։
 
Հայկազյան վարժարանի փակումից հետո վերադարձել է Պոլիս, ապա մեկնել է Թեոդոսիա, որպես ուսուցիչ պաշտոնավարել Խալիբյան դպրոցում, միաժամանակ մասնակցել «Մասյաց աղավնի» հանդեսի խմբագրման աշխատանքներին։ 
 
Թեոդոսիայում տպագրել է իր մի շարք երկերը`   «Արշակ Բ» ողբերգությունը (1861թ.), «Ալաֆրանկա» կատակերգությունը (1862թ.), «Վարդենիք» բանաստեղծությունների ժողովածուն (1863թ.), որը սուր քննադատության է ենթարկել Միքայել Նալբանդյանը իր «Աղցմիք» պարոդիայում։
 
1864թ. մեկնել է Պոլիս, զբաղվել քարոզչությամբ, միաժամանակ ունեցել քաղաքական գործունեություն, Մկրտիչ Խրիմյանի հետ մեկնել է Բեռլին Հայկական հարցի քննարկման շրջանակներում։ Այս շրջանում ֆրանսերենից թարգմանել է Հովհաննես Դարտելի «Տարեգրությունը», Հոմերոսի «Իլիականից» որոշ հատվածներ։
 
Հրատարակել է «Ստվերք հայկական» խորագրով մի ժողովածու, որը պարունակում է պատմական անցյալի դրվագները ներկայացնող պոեմներ։ Առանձին գրքերով հրատարակած մյուս երկերն են «Քնար պանդխտին» (բանաստեղծությունների ժողովածու, 1868թ.), «Հանգարան» և այլն։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: