Հանրագիտարան

Ալեքսանդր Երիցյան

Թիֆլիսում ծնվել է պատմաբան Ալեքսանդր Երիցյանը (վախճ. 1902թ.-ին): Արխիվային վավերագրերի ու փախստական նյութերի լայն օգտագործմամբ հայ ժողովրդի նոր շրջանի պատմության ամենաբազմազան հարցերին առաջին անգամ անդրադարձել է հենց Ալեքսանդր Երիցյանը։
Ծավալելով իր գործունեությունը պատմական այդ կարևոր ժամանակաշրջանում, երբ Անդրկովկասի հասարակական-տնտեսական և քաղաքական կյանքում տեղի էին ունենում կարևոր տեղաշարժեր և ձևավորվում էին հայ քաղաքական հոսանքները, Երիցյանը չդարձավ այդ հոսանքներից և ոչ մեկի հետևողական ախոյանը կամ գաղափարական պաշտպանը։ Նա հիմնականում միջին դիրք էր գրավում հայ պահպանողականության և լիբերալիզմի միջև։
 
Ալեքսանդր Դավթի Երիցյանը ծնվել է Թիֆլիսում`   ցարական աննշան պաշտոնյայի ընտանիքում։ Նրա ծնողները Սանահին գյուղից էին։ Սկզբնական կրթությունն ստացել Է Ներսիսյան դպրոցում, բայց շուտով թողնում է այն, 1854 թվականին Երեսփոխյանի պանսիոնում որոշ ժամանակ սովորելուց հետո մտնում Է Թիֆլիսի գիմնազիա, որից բրոնխիտ հիվանդության պատճառով ստիպված է լինում դուրս գալ։
 
Թեև Երիցյանը համալսարանական կրթություն չի ստանում, բայց զբաղվելով ինքնակրթությամբ, դառնում Է իր դարի զարգացած մարդկանցից մեկը։ Գիմնազիան թողնելով և կյանքի ասպարեզ մտնելով՝ նա ընտրում է սկզբում պետական ծառայությունը`   միարժամանակ զբաղվելով գրականությամբ։ Մոտ հինգ տարի ծառայում է Կովկասի փոխարքայության պալատում, ապա նահանգական կառավարչական դիվանատանը, այնուհետև գլխավոր վարչությունում և այլն։
 
1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Երիցյանը նշանակվում Է առանձին հանձնարարությունների պաշտոնյա։ Պատերազմից հետո`   80-ական թվականներին, նա աշխատանքի է անցնում պետական կալվածքների նախարարությունում։ Այստեղ աշխատելով`   նա մասնակցում է «Տիխեևի ծրագրած Անդրկովկասի պետական գիւղերի ստորագրութեան ընդարձակ գործում՝ հետազոտելով Ղազախի գավառը»։
 
1888թ. ստիպված թողնում է ծառայությունը, քանի որ պետական գործերով հաճախակի կատարած գործուղումները քայքայել էին նրա առանց այդ էլ թույլ առողջությունը։ Կյանքի վերջին 14-15 տարիները Երիցյանը անցկացրեց տանը՝ ամբողջապես նվիրվելով գիտությանը։
 
Ստեփան Մալխասյանցը, «Մշակ» պարբերականում անրադառնալով Երիցյանին, նրա գրական գործունեությունը բաժանում է երկու շրջանի`   առաջինը 1870-1890 թվականները, երբ նրա «գործունէութիւնը այնքան նշանաւոր չէ քանակութեամբ ու որակութեամբ», և երկրորդ շրջանը՝ 90-ական թվականներ, երբ «շատանում է գրուածքների թիւը և մեծանում է նրանց ներքին գիտնական արժէքը»։
 
Առաջին շրջանում Երիցյանը հանդես է գալիս պարբերական հրատարակություններում մեծ քանակությամբ ընդարձակ ու համառոտ հոդվածներով, վերջին շրջանում տպագրում է առանձին մենագրություններ և ընդարձակ գործեր։
 
Ստեփան Մալխասյանցն այս երևույթը բացատրում է նրանով, որ առաջին շրջանում դեռ ծանոթանում էր նյութերի հետ և ուսումնասիրում, միարժամանակ աշխատելով տարբեր հիմնարկություններում, ապրուստի միջոցներ էր վաստակում, որը բնականաբար խլում էր նրա ժամանակը և ուշադրությունը։
 
Նա վախճանվել է Թիֆլիսում 1902 թվականի փետրվարի 21-ին 61 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո։ Երիցյանն ուներ մեկ որդի, որն այդ ժամանակ սովորում էր Սանկտ Պետերբուրգի գեղարվեստական ճեմարանում։ Թաղումը տեղի է ունեցել Խոջիվանքի գերեզմանատանը, թաղված է Րաֆֆու և Ծերենցի շիրիմներից ոչ հեռու։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: