Հանրագիտարան

Մառ ամրոցի ճակատամարտը

Մամլուքներ Կալաունի և Շնջարի գլխավորած Մամլուքյան սուլթանության բանակը (90.000, որից 45.000-ը՝ հեծյալ) հարավից մոտեցավ Ամանոսյան լեռներին: Տեղեկանալով այդ մասին`   Հեթում Ա-ն օգնություն հայցելու նպատակով մեկնեց Ջահան գավառում տեղակայված Իլխանության բանակի ճամբար, իսկ Սմբատ Սպարապետի, արքայորդիներ Լևոնի և Թորոսի, ինչպես նաև Կոստանդին պայլի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (15.000) կենտրոնացրեց Պլատանա կիրճի մոտակայքում:
Թշնամուն դիմակայող հայկական բանակը խնդիր ստացավ ժամանակ շահելու, ուժերը կենտրոնացնելու և Իլխանության բանակի ժամանումը ապահովելու նպատակով հնարավորինս երկար կասեցնել թշնամու առաջխաղացումը: 
 
Հաշվի առնելով թշնամու քանակական ճնշող առավելությունը`   Կիլիկիայի թագավորության բանակը պատրաստվեց վարել լեռնային պաշտպանողական մարտ: Այդ նպատակով օգոստոսի 23-ի վաղ առավոտյան հայկական բանակը ուղղություն վերցրեց դեպի արևելք և ամուր պաշտպանական դիրքեր գրավեց Պլատանա կիրճի արևելյան մուտքի մոտ`   Մառ ամրոցի մոտակայքում:
 
Հայկական բանակի թևերում արքայորդիների գլխավորությամբ տեղավորվեց հեծելազորը, իսկ կենտրոնում տարածվող անտառում`   հետևակը: Ընդ որում՝ կենտրոնի առաջին գծում տեղավորվեց ծանր, իսկ երկրորդում`   թեթև հետևակը: 
 
Հետևակի դիրքերը ուժեղացված էին նաև նիզականետ և քարանետ մեքենաներով: Կենտրոնի, ինչպես նաև ողջ բանակի ղեկավարությունն իր վրա վերցրեց Սմբատ Սպարապետը: Օգոստոսի 23-ի երեկոյան հայկական դիրքերին մոտեցած Մամլուքյան սուլթանության բանակը դադարեցրեց առաջխաղացումը և մարտակարգ ընդունեց`   հիմնական ուժերը տեղաբաշխելով Հայկական մարտակարգի ձախի դիմաց: Տեղեկանալով այդ մասին`   նույն գիշեր էլ հայկական բանակի հրամանատարությունը կենտրոնից և աջից լրացուցիչ ուժեր տեղափոխեց դեպի ձախ:
 
Օգոստոսի 24-ի վաղ առավոտյան Մամլուքյան սուլթանության բանակը ողջ ճակատով անցավ հարձակման: Սակայն բռնկված և մինչև օրվա երկրորդ կես շարունակված համառ մարտում հայկական բանակը, արդյունավետ օգտագործելով նաև նիզականետ ու քարանետ մեքենաները, ետ մղեց թշնամու բոլոր գրոհները:
 
Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան Մամլուքյան սուլթանության բանակը կրկին վերսկսեց հարձակումները`   հատկապես հզոր հարվածներ հասցնելով Հայկական բանակի թուլացած թևերին: Սակայն վերսկսված մարտում թշնամուն միայն մեծ դժվարությամբ հաջողվեց հաղթահարել շարքում մնացած հայ ռազմիկների դիմադրությունը և գրավել հայկական բանակի թևային պաշտպանական դիրքերը:
 
Իսկ կեսօրին, հաշվի առնելով թևանցման իրական վտանգը, սպարապետի հրամանով կենտրոնում մարտնչող հայկական հետևակը ոչնչացրեց նիզականետ ու քարանետ մեքենաները և, բաժանվելով մանր խմբերի, հաջողությամբ հեռացավ մարտադաշտից:
 
Հայերը կորցրին մոտ 7.000, թշնամին`   մոտ 20.000 զինվոր:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: